Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն կառավարության նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրել է, որ Վրաստանում կկառուցվի գազի ստորգետնյա պահեստ-կայան:
Նրա խոսքով, Գերմանիայի վերակառուցման և զարգացման բանկի և Վրաստանի նավթի և գազի միջազգային կորպորացիայի միջև կնքված վարկային համաձայնագրով 150 մլն եվրո կներդրվի:
«Այսօր կառավարության նիստում քննարկվում է մի շատ կարևոր նախագիծ, որն էլ ավելի կամրապնդի Վրաստանի էներգետիկ անվտանգությունը: Գազի պահեստավորման արդյունքում երկիրը կունենա ռազմավարական նշանակության ենթակառուցվածքային դեր, որը զգալիորեն կբարձրացնի երկրի էներգետիկ անվտանգությունն ու անկախությունը», -ասել է Բախտաձեն՝ հավաստիացնելով, որ նախագիծը կարևոր է նաև ձմռան ամիսներին բնակչության ջեռուցման հարցն ամբողջովին ապահովելու համար։