Վրաստանում է ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի պատվիրարկությունը` դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի գլխավորությամբ:
Օդանավակայանում Դաշինքի պաշտոնական պատվիրարկությանը դիմավորեցին Վրաստանի Եվրաինտեգրման հարցերով նախարար Դավիթ Բաքրաձեն, ՆԱՏՕ-ում Վրաստանի դեսպան Ալեքսանդրե Մաիսուրաձեն, Վրաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն և այլ պաշտոնատար այլ անձինք: Եվաինտեգրման հարցերով նախարար Դավիթ Բաքրաձեն մինչ պատվիրարկության ժամանելը լրագրողների հետ ճեպազրույցում խոսեց համաժողովի օրակարգային հարցերի շուրջ.
«ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստի ընթացքում կքննարկվեն Վարշավայի գագաթնաժողովում ընդունված որոշումների արդյունքները. հիմնականում դա վերաբերում է անվտանգության բարձրացմանը: Կքննարկենք նաև ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության հարցը: Կանրադառնանք նաև առաջիկա ընտրություններին և այլն»:
Հյուսիսատլանտյան դաշինքում Վրաստանի դեսպանը Ալեքսանդրե Մաիսուրաձեն իր հերթին վստահեցրեց, որ կառույցի հերթական նիստը Վրաստանում անցկացնելը ՆԱՏՕ-ի կողմից Վրաստանի տարածքային ամբողջականության ու ինտեգրման գործընթացին աջակցության վկայությունն է:
Վրաստանի ԶՈՒ-ի գլխավոր շտաբի ղեկավար Վախթանգ Կապանաձեի կարծիքով, այցը վկայում է ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրման ճիշտ ուղու և քայլերի մասին.
«Դժվար է ասել` կլինեն արդյոք նոր առաջարկներ, սակայն հստակ է, որ մենք կշարունակենք Աֆղանստանում խաղարար առաքելությունները մինչև նախատեսված ժամկետը»:
Օդանավակայանից պատվիրարկությունն անմիջապես ժամանեց «Radisson Blu Iveria» հյուրանոց, որտեղ կայացավ ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստը, որին բացման խոսքով հանդես եկավ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին: Նիստի ավարտին վարչապետն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով:
Վրաստանի վարչապետը Կվիրիկաշվիլին նշեց, որ Հյուիսատլանտյան խորհրդի նիստը Վրաստանում անցկացնելը քաղաքական և գործնական աջակցության կարևոր ուղերձ է. « Գլխավոր քարտուղարի հետ արդյունավետ հանդիպում ունեցանք: Ոչ պակաս արդյունավետ էր նաև ՆԱՏՕ-Վրաստան հանձանժողովի աշխատանքը: Ուրախ ենք, որ խորհրդի անդամ երկրները միաձայն ընդունեցին Վրաստանի կողմից արձանագրած առաջընթացը` տնտեսության, պաշտպանական ու ժողովրդավարության զարգացման հարցերում: Վրաստանը դաշինքի կողմից ընկալվում է որպես ամենավստահելի գործընկերներից մեկը: Վրաստանում անց կացնելով այս միջոցառումը՝ խորհրդի անդամներին հնարավորություն է տրվում տեղում ծանոթանալ տեղի ունեցող գործընթացներին: Վստահ եմ` այս համաժողովի արդյունքները անպայման կարտացոլվեն ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացում»:
3ենս Ստոլտենբերգը նույնպես համաձայն է, որ Վրաստանում նիստը անցկացնելը վկայում է ՆԱՏՕ-Վրաստան զարգացող համագործակցության մասին. « Մենք բարձր ենք գնահատում Վրաստանի աջակցությունը Աֆղանստանում և Մերձավոր արևելքում իրականացվող առաքելություններում: Վրաստանը մեծ առաջընթաց է գրանցել ՆԱՏՕ-ին անդամակցելու ուղղությամբ, և ես վստահ եմ` այդ առաջընթացը դեռ կշարունակվի: Մենք մեր հերթին կշարունակենք աջակցել Վրաստանին»:
Յենս Ստոլտենբերգը հավելեց, որ այս պահին չի կարող խոսել անդամակցության կոնկրետ ժամկետների մասին, քանի որ դա ուղիղ կապ ունի Վրաստանի արձանագրած ձեռքբերումների ու առաջընթացի հետ: Միևնույն ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ընդգծեց, որ Վրաստանի առաջընթացն այդ ուղղությամբ գովասանքի է արժանի:
Հարց հնչեց ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակացության հարցում Ռուսաստանի դերակատարության մասին: Ստոլտենբերգի կարծիքով, Ռուսաստանն այս հարցում որևէ էական նշանակություն չունի. « ՆԱՏՕ-ի համար շատ կարևոր է, որպեզի արտաքին քաղաքական ուղղություն ընտրելու գործում պետությունն ընդունի ազատ որոշում: Դա պետք է սկզբունքային լինի նաև Ռուսաստանի համար: Եթե Վրաստանը որոշել է անդամակցել ՆԱՏՕ-ին, դա ՆԱՏՕ-ի անդամ 28 երկրների և Վրաստանի գործն է»:
Ստոլտենբերգը խոսեց նաև Սև ծովի ռազմավարական նշանակության մասին. « Հաշվի առնելով Սև ծովում Ռուսաստանի ներկայացուցչության հզորացումը՝ Վարշավայի սամիտում համաձայնության եկանք ուժեղացնել նաև ՆԱՏՕ-ի ներկայացուցչությունը: Մենք արդեն զբաղվում ենք այդ գործով, որում, չնայած ՆԱՏՕ-ի անդամ չլինելու փաստին, բավական մեծ դերակատարություն ունեն նաև Ուկրաինան և Վրաստանը»:
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին իր ելույթում անդրադարձավ հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններին. «Մենք քաջ գիտակցում ենք, թե ինչ պատասխանատվություն է կրում կառավարությունն ու իշխող կուսակցությունը և անում ենք ամեն ինչ, որպեսզի ընտրություններն ընթանան հնարավորինս թափանցիկ և ժողովրդավարական չափանիշերին համապատասխան: Մենք հրավիրել ենք աննախադեպ թվով միջազգային դիտորդների, ովքեր կհետևեն ընտրությունների ընթացքին: Պետք է նշել, որ բարեփոխումների արդյունքում, այսօր ունենք աննախադեպ ազատ մամուլ, ինչը ևս արդար ընտրությունների գրավականն է»: