Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հանդես է գալիս Աշխատանքային օրենսգրքում նվազագույն աշխատավարձի շուրջ փոփոխություններ կատարելու մասին առաջարկով։
Գրասենյակը Արհմիությունների միավորման հետ Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի աջակցությամբ նման առաջարկով է հանդես եկել՝ ուսումնասիրելով երկրում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը։
Առաջարկի հեղինակները ընդգծում են, որ 2005 թվականին նվազագույն աշխատավարձի չափ է սահմանվել 135 լարին, որը, սակայն բավականին ցածր է քաղաքացու նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից, և չի կարող համարվել ադեկվատ աշխատավարձ:
Վրաստանում ավելի քան 60 հազար քաղաքացու աշխատավարձը ցածր է նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից:
Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանն ու Արհմիության ներկայացուցիչները մի շարք խորհուրդներ են տվել խորհրդարանին։ Դրանցից մեկը վերաբերվում է հենց Աշխատանքային օրենսգրքում նվազագույն աշխատավարձի «խելամիտ» չափի սահմանմանը: Նրանց խոսքով, սահմանված նվազագույն և միջին աշխատավարձերի միջև տարբերությունը չպետք է գերազանցի 30 տոկոսը: Դրա հետ մեկտեղ, չպետք է կրճատվի ոչ լրիվ դրույքով աշխատատեղերի թիվը:
Օրենգրքում փոփոխություններ կատարելու մասին առաջարկով հանդես եկողները նաև գտնում են, որ նվազագույն աշխատավարձի չափը պետք է վերահսկվի հատուկ տեսչության կողմից, որը կունենա խախտումները պարզելու և պատժամիջոցներ կիրառելու հնարավորություն: