«Վրաստանում ահաբեկչական գործողություն նախապատրաստելու մեջ Սահակաշվիլիին են կասկածում». ռուսական լրատվամիջոց
Ռուսական «Life News»-ը գրում է, որ Վրաստանում ահաբեկչական գործողության փորձ կատարելու մեջ կասկածում են նախկին նախագահ, այժմ Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլիին:
Լրատվամիջոցը խորհրդարանի փոխխոսնակ Մանանա Կոբախիձեի GDS հեռուստաընկերության եթերում հնչեցրած խոսքերն է մեջբերել` ընտրություններից առաջ երկրում ապակայունացումը Միխեիլ Սահակաշվիլիի շահերից է բխում:
«Դժվար չէ հասկանալ, որ նախընտրական շրջանում երկրի ապակայունացումը բխում է Սահակաշվիլիի և նրա կուսակցության (Միացյալ ազգային շարժում) շահերից: Ես չեմ կարող նրանց ուղղակի մեղադրել խողովակը պայթեցնելու փորձի մեջ, սակայն, գտնում եմ, որ նրանք կարող էին նման բան մտածել» ,- Կոբախիձեի խոսքերն է փոխանցում ռուսական լրատվամիջոցը:
Հիշեցնենք` oգոստոսի 20-ին Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը երկրի 5 քաղաքացու է ձերբակալել, ովքեր, ըստ պաշտոնական տեղեկատվության, մտադիր էին Սագուրամո գյուղում պայթեցնել Ռուսաստանն ու Հայաստանը միացնող գազատարը: