Վրաստանում չեղարկվել է փոքր քանակությամբ մարիխուանա օգտագործելու համար նախատեսված ազատազրկման մասին օրենքը: Վրաստանի սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել թմրանյութի անձնական օգտագործման համար ազատազրկման տեսքով պատիժը: Օրենքի պարզեցման նախաձեռնողը Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն է: Օմբուդսմենը իր հայցը հիմնավորում է այսպես՝ «Նման դեպքերի համար նախկինում սահմանված պատիժը չափից շատ էր»:
Օրենքի չեղարկումը վերաբերում է միայն փոքր չափաբաժիններով (ոչ ավել քան 70 գր.) օգտագործմանը, իսկ վաճառքը նախկինի նման համարվելու է քրեորեն պատժելի արարք: Թմրանյութերի օգտագործումն ապաքրեականացնելու հարցը վերջերս Վրաստանում թեժ բանավեճերի առիթ էր դարձել: Պարբերաբար այս պահանջով աղմկոտ ակցիաներ են անցկացվում:
Վրաստանում թմրանյութերի առաջին անգամ օգտագործելը համարվում է վարչական իրավախախտում և դառնում է քրեական՝ կրկնվելու դեպքում: Ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին գրանցվել է թմրանյութերով պայմանավորված 4 հազար իրավախախտում, որոնց կեսը՝ թմրանյութերի կրկնակի օգտագործման դեպքեր են: Ըստ պաշտոնական տվյալների՝ Վրաստանում յուրաքանչյուր 10 հազար մարդուց 29-ը թմրամոլ է: Մարիխուանան համարվում է ամենամեծ տարածում ունեցող թմրամիջոցը՝ այն օգտագործում է թմրանյութ օգտագործողների 63,9 %-ը: Նշենք, որ մեծ քանկությամբ մարիխուանա պահելու և տարածելու համար նախատեսվում է մինչև 11 տարվա ազատազրկում: