Վրաստանն ու Թուրքիան սահմանային անվտանգությունը խստացնող հուշագիր են ստորագրել՝ հաղորդում է Վրաստանի ներքին գործերի նախարարություն պաշտոնական էջը:
Փաստաթուղթը նախօրեին ստորագրվել է Թբիլիսիում՝ Վրաստանի ՆԳ-ի նախարար Գեորգի Գախարիայի և նրա թուրք գործընկեր Սուլեյման Սոյլուի կողմից: Գերատեսչությունից հայտնում են, որ հուշագիրը հնարավորություն կտա ընդլայնել Վրաստանի և Թուրքիայի համագործակցությունը՝ ընդդեմ սահմանային հանցագործությունների և կամրապնդի երկու երկրների անվտանգությունը:
Գախարիա-Սոյլու հանդիպմանը քննարկվել են նաև համագործակցության ձևաչափը և Վրաստանում Թուրքիայի ՆԳՆ-ի նոր կցորդի նշանակման հարցը: Գախարիան թուրք գործընկերոջը ներկայացրել է գերատեսչության առաջնահերթությունները, ինչպես նաև խոսել երկրի սահմանային ոստիկանությունում ընթացող բարեփոխումների մասին:
Ըստ նախարարի՝ սահմանակետերում բարելավվելու է ռիսկերի գնահատման համակարգը, ինչպես նաև շարունակվելու է ժամանակակից տեխնոլոգիաների ներմուծումը՝ որպես սահմանի արդյունավետ կառավարման միջոց:
Սոյլուն Թբիլիսիում հանդիպել է նաև երկրի պետական անվտանգության ծառայության պետ Վախթանգ Գոմելաուրիին: Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ, ընդգծել երկրների սերտ համագործակցության անհրաժեշտությունը: