Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին Կառավարության նիստի ընթացքում իր ցավակցությունն է հայտնել Իտալիայի ժողովրդին` երկրի Լացիո մարզի Ակումոլի քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ: Վարչապետը պատրաստակամություն է հայտնել երկրաշարժի հետևանքները վերացնելու հարցում օգնել Իտալիայի իշխանություններին: «Մեզ հայտնի դարձավ, որ Իտալիայում ուժեղ երկրաշարժը բազմաթիվ մարդկանց կյանք է խլել, մեծ է վիրավորվածների ու անհետ կորածների թիվը, բազմաթիվ կարևոր շինություններ են ավերվել: Այս ողբերգական դեպքի առիթով իմ ցավակցությունն եմ հայտնում Իտալիայի իշխանություններին և Իտալիայի ժողովրդին: Ուզում եմ տեղեկացնել, որ Վրաստանը իր զորակցությունն է հայտնում Իտալիային և պատրաստ է անհրաժեշտ օգնությունը ցուցաբերել»,- հայտարարել է Կվիրիկաշվիլին:
Լրատվամիջոցները հաղորդում են, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է մայրաքաղաք Հռոմից 100 կմ հեռավորության վրա, որտեղ ստորգետնյա ցնցումները կազմել են 6,2 մագնիտուդ: Տարբեր տվյալներով` զոհվածների թիվը հասնում է 70-ի, սակայն այն դեռ կարող է ավելանալ: Որոշ լրատվականներ գրում են մինչև 120 զոհի մասին: