Վրաստանյան լրատվամիջոցները շարունակում են անդրադառնալ Հայաստանի մայրաքաղաքում տեղի ունեցող իրադարձություններին: Newsgeorgia-ն գրում է մեկ զոհի մասին, նաև հաղորդում, որ Երևանի փոխոստիկանապետը պատանդ է վերցվել: Ոստիկանության Էրեբունի բաժանմունք տանող ճանապարհը փակ է, շենքի հարակից տարածքում զորք է հավաքվում: «Մարշալպրես» լրատվականը նշում է, թե դեպի Սեւան տանող մայրուղին պակված է:
Interpressnews լրատվականը գրում է, որ զինված խմբի պահանջը երկրի նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականն է և իշխանության հանձնումը ժողովրդին: Ըստ լրատվամիջոցի` Ոստիկանության բաժանմունքում 7 պատանդ կա, իշխանությունները բանակցություններ են սկսել զինված խմբի հետ, Հայաստանի ԱԱԾ-ն հերքել է երկրում զինված հեղաշրջում սկսելու մասին լուրը: Գրեթե նույն բովանդակությամբ հոդված է հրապարակել նաև apsny պարբերականը և Rustavi2 հեռուստանըներությունը:
Վրացալեզու netgazeti -ն հղում է անում Ազատություն ռադիոկայանին և գրում մի զոհի և մի քանի վիրավորի մասին:
Ընդհանուր առմամբ` վրաստանյան լրատվամիջոցները մատնանշում են հայկական աղբյուրները և Հայաստանի ԱԱԾ-ի պաշտոնական երկու հայտարարությունները:
Հայաստանում Վրաստանի փոխդեսպան Մալխազ Մալաշխիան Rustavi2 հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ Երևանում լարվածություն և քաղաքացիների խուճապ չի նկատվում: