Բահրեյնի թագավորության «Gulf Air» ազգային ավիաընկերությունը հունիսի 22-ից կսկսի կանոնավոր չվերթներ իրականացնել Բահրեյնի և Թբիլիսի միջև: Ընկերությունն արդեն ստացել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության քաղաքացիական ավիացիայի գործակալության համապատասխան թույլտվությունը: Օդային հաղորդակցության համաձայնագիր երկու երկրների կառավարությունները ստորագրել են նախորդ տարվա հունվարին: Թռիչքներ կիրականացվեն շաբաթական երեք անգամ՝ չորեքշաբթի, շաբաթ և կիրակի, Airbus A320 օդանավով:
«Gulf Air»-ը հիմնադրվել է 1950 թվականին և համարվում է աշխարհի խոշորագույն ավիաընկերություններից մեկը, չվերթներ է իրականացնում 24 երկրի 43 քաղաքում: Ներկայումս Վրաստանի ավիաշուկայում 33 ընկերություն է գործում, որոնք թռիչքներ ունեն աշխարհի 20 երկրում, 46 ուղղություններով: