Վրատանի արտաքին գործերի փոխնախարար Գիգի Գիգիաձեն հանդիպել է թբիլիսահայերի հետ: Խաղաղության հիմնադրամի ու ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության տեղեկատվական կենտրոնի համագործակցության շրջանակներում կազմակերպված հանդիպման ընթացքում Գիգիաձեն Վրաստանի Եվրաատլանտյան ինտեգրման եւ վիզայի ազատականացման մասին դասախոսություն է կարդացել նաև «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնի երիտասարդների համար:
Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության տեղեկատվական կենտրոնի փոխտնօրեն Գիորգի Փարեշիշվիլին, ով ներկաներին ծանոթացրեց կենտրոնի գործունեության հետ:
Դասախոսության ընթացքում արտաքին գործերի փոխնախարարը խոսել է նաև ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության հետ ինտեգրվելու օգուտների, ինչպես նաեւ վիզայի ազատականացման հետ կապված գործընթացերի մասին:
Խաղաղության հիմնադրամի ղեկավար Գիորգի Թումասյանը հանդիպումը դրական եւ հաջողված որակեց: «Արտաքին գործերի փոխնախարարը մանրամասն պատմեց այն հարցերի մասին, որոնցով ինքը զբաղվում է: Մասնակիցների թիվը ցույց է տալիս, թե այս հարցերը որքան կարևոր ու հետաքրիր է երկրի, նրա յուրաքանչյուր քաղաքացու, այդ թվում մեր համայնքի համար»,- նշեց Թումասյանը:
Նա ավելացրեց նաեւ, որ վերոնշյալ կազմակերպությունները շարունակելու են ակտիվորեն համագործակցել՝ էթնիկ փոքրամասնությունների, այդ թվում Վրաստանի հայ համայնքի տեղեկացվածության մակարդակը բարձր պահելու նպատակով:
Թումասյանն Ալիքի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ համագործակցության մակարդակն այսուհետ աճելու է: