Վրաստանի սահմանապահ ոստիկանության ղեկավար և Ներքին գործերի փոխնախարար Զուրաբ Գամեզարդաշվիլին աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն: Այս մասին Գամեզարդաշվիլին գրել է Ֆեյսբուքի իր էջում՝ տեղեկացնելով, որ հրաժարականի մասին դիմումը ներկայացրել է նոյեմբերի 18-ին:
«2016 թվականի նոյեմբերի 18-ին դիմել եմ Վրաստանի Ներքին գործերի նախարարին՝ զբաղեցրած պաշտոնից սեփական ցանկությամբ հեռանալու վերաբերյալ:
Շնորհակալ եմ այն խմբին, ում հետ միասին ծառայել ենք ի շահ երկրի զարգացման, նրա սահմաննների անվտանգության պահպանման ու ամրապնդման համար: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև Վրաստանի բարեկամ երկրներին, հատկապես Վրասստանում ԱՄՆ-ի դեսպանատանը և միջազգային կազմակերպություններին՝ ցուցաբերած աջակցության և համագործակցության համար»:
Գամեզարդաշվիլին հատուկ շնորհակալություն է հայտնել Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին, ով, նրա կարծիքով, փոխել է վրացական քաղաքականությունը՝ իշխանությունների ու ժողովրդի միջև ստեղծելով փոխօգնության ու փոխհարգանքի միջավայր: «Ես շարունակում եմ մնալ նրա կողմից առաջ քաշած ժողովրդավարական բարեփոխումների խմբում և պատրաստ եմ որպես շարքային զինվոր ապագայում ևս ծառայել հայրենիքիս»,-ասել է Գամեզարդաշվիլին:
Գամեզարդաշվիլին նշել է, որ Իվանիշվիլիի հետ բարեփոխումների իրականացման ճանապարհին է 2011 թվականից:
Հավելենք՝ Զուրաբ Գամեզարդաշվիլին Սահմանապահ ոստիկանության ղեկավարի պաշտոնում է նշանակվել 2013 թվականի նոյեմբերի 22-ին: Այսօր լրանում է նրա պաշտոնավարման 3 տարին: Տեղեկացնում է «interpressnews.ge»ն: