Վրաստանի ռեգբիի ազգային հավաքականը հաղթել է Ռումինիայի հավաքականին՝ 25:16 հաշվով և նվաճել Եվրոպայի ազգերի գավաթը:
Եվրոպայի առաջնության եզրափակիչ խաղն անցել է Թբիլիսիի Դինամո-Արենա մարզադաշտում: Խաղից առաջ Վրաստանի հավաքականի կատարմամբ հնչել է երկրի հիմնը:
Մարզիկները կրում էին փետրվարի 22-ին Ցխինվալիի հիվանդանոցում անհայտ հանգամանքներում մահացած Արչիլ Տատունաշվիլիի անվամբ մարզաշապիկներ:
Մինչ այս Վրաստանի և Ռումինիայի հավաքականները 21 հանդիպում են ունեցել, որոնցից 11-ն ավարտվել է հօգուտ վրացական թիմի, 9-ը` Ռումինիայի, իսկ մեկ խաղում գրանցվել է ոչ ոքի: Վրաստան-Ռումինիա առաջին խաղը 1998-ին էր, Դուբլինում, որտեղ Ռումինիայի հավաքականը 8:7 հաշվով հաղթանակ է տոնել:
Եվրոպայի առաջնությանը մասնակցում էր 6 հավաքական՝ Ռումինիայի, Վրաստանի, Գերմանիայի, Իսպանիայի, Ռուսաստանի, Բելգիայի: Այս հաղթանակով Վրաստանի հավաքականը նվաճել է նաև 2019 թվականին կայանալիք աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր: