Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան հյուրընկալել է հայաստանցի գործընկերոջը՝ Վիգեն Սարգսյանին։ Վրաստանի պաշտպանության նախարարության տեղեկացմամբ՝ նախարարները խոսել են երկու երկրների միջև պաշտպանական ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցերի շուրջ և հույս հայտնել, որ հաջորդ տարում հարաբերություններն էլ ավելի կխորանան։ Հանդիպմանը ուշադրություն է դարձվել ռազմական կրթությանն ու ռազմական բժշկության ոլորտում համագործակցությանը։
Իզորիան Սարգսյանին առաջարկել է, որ Հայաստանի զինված ուժերի ներկայացուցիչները Սաչխերեի լեռնային պատրաստության դպրոցում դասընթացներ անցնեն։
Հանդիպմանը խոսվել է նաև տարածաշրջանում անվտանգության և մարտահրավերների վերաբերյալ։ Նախարարներն ընդգծել են այս տեսանկյունից երկու երկրների բարիդրացիական, բարեկամական հարաբերությունների կարևորությունը։
Լևան Իզորիան հույս է հայտնել, որ 2018 թվականի «Բազմազգ զորավարժություններում» հայ և վրացի զինվորականները միասին կմասնակցեն։
Հանդիպմանը ներկա են եղել նաև Վրաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Լելա Չիքովանին և Վրաստանում ՀՀ ռազմական կցորդ, գնդապետ Սամվել Ռամազյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ պատվիրակությունը նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Վրաստանում։