Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է նշանակել:
Խորհրդի անդամները նախագահի նստավայրում կհավաքվեն 03:00-ին: Անվտանգության խորհրդի այն մշտական անդամները ովքեր գտնվում են Թբիլիսիում կհավաքվեն նախագահի նստավայրում:
Բաթումիում միջազգային գիտաժողովի են գտնվում Վրաստանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարները, այդ իսկ պատճառով չեն մասնակցի անվտանգության խորհրդի արտակարգ նիստին: Այս մասին «Ռուսթավի 2» հեռուստաալիքին հայտնել է Անվտանգության խորհրդի քարտուղար Իրինա Իմերիշվիլին:
Ջավախքից գործող «Նոր» ռադիոկայանի փոխանցմամբ, Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին և վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին կոչ են արել քաղաքացիներին ժամանակավորապես զերծ մնալ Թուրքիա այցելություններից, մինչև որ այդ երկրում իրավիճակը կարգավորվի։ Այդ մասին նրանք հայտնել են գիշերը Վրաստանի ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո:
«Վստահ եմ, որ իրավիճակի ապակայունացումը կհաղթահարվի մոտ ապագայում, և Թուրքիան` մեր ռազմավարական գործընկերը, կվերադառնա կյանքի նորմալ ռեժիմին: Ցանկանում եմ հանգստացնել Վրաստանի բնակչությանը և ասել, որ մեր երկրին ոչ մի վտանգ չի սպառնում»,- ասել է նախագահը:
Նա նշել է, որ խորհուրդ է տալիս Վրաստանի քաղաքացիներին ժամանակավորապես զերծ մնալ Թուրքիա այցելելուց: Նմանատիպ խորհրդով է հանդես եկել նաև երկրի վարչապետը և նշել է, որ Վրաստանի համար շատ կարևոր է Թուրքիայի կայունությունը: