Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին գաղտնալսումների վերաբերյալ օրենսդրական փաթեթին վետո է դրել: Այս մասին ժամեր առաջ նախագահական նստավայրում հայտարարել է Մարգելաշվիլին։
Այսպիսով, այս փաթեթը խորհրդարան է վերադարձվել նախագահի դիտարկումներով:
Գաղտնալսումների հետ կապված օրենսդրական փաթեթը խորհրդարանը հաստատել է երրորդ ընթերցմամբ մարտի 1-ին:
Խորհրդարանի ընդունած փաթեթի գլխավոր նորությունը պետանվտանգության ծառայության համակարգում իրավաբանական անձի օպերատիվ-տեխնիկական գործակալության ստեղծումն է։ Գաղտնալսման բացառիկ իրավունք կունենա նշված գործակալությունը:
Ըստ ծրագրի՝ պետանվտանգության ծառայության ղեկավարը կընտրի և կոմիտեին հաստատելու կներկայացնի գործակալության ղեկավարի պաշտոնի առնվազն 3 թեկնածու: Հատուկ կոմիտեի կողմից գործակալության հաստատած ղեկավարի թեկնածությունը նշանակելու համար կներկայացվի վարչապետին:
Ըստ նախագահի հայտարարության՝ ներկայացված փաթեթում կա 2 հիմնական թերություն:
«Առաջինը գործակալության անկախությունն է, որը ներկայացված ծրագրով ապահովված չէ և, հետևաբար, հակասում է սահմանադրական դատարանի որոշմանը այս հարցի վերաբերյալ: Երկրորդը՝ տեղեկատվական ընկերություններին պարտադրվող չարդարացված և անկանխատեսելի ծախսերն են»- հայտարարել է նախագահը: