«Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպությունը դիմում է ներկայացրել Վրաստանի նորընտիր խորհրդարանին՝ որտեղ ասվում է, որ չնայած Վրաստանն արդեն 25 տարեկան է, երկրում բնակվող տարբեր խմբերի միջև ճշգրիտ իրավահավասարության հարցը, երկրի շրջանների և այլ սուբյեկտների իրավահավասարության հարցը դեռևս մնում է չլուծված։
Ստորև ներկայացնում ենք դիմումը ամբողջությամբ:
«Երկրում ավարտվեցին խորհրդարանական ընտրությունները, և 9-րդ գումարման Խորհրդարանի 150 պատգամավոր արդեն երդում են տվել բարեխղճորեն կատարել Վրաստանի ժողովրդի կողմից իրենց ստանձնած պարտականությունները և պաշտպանել երկրի Սահմանադրության հիմքերը։
Վրաստանի Սահմանադրությունը երկրի բոլոր քաղաքացիների՝ անկախ նրանց ազգային, ռասսայական, մշակութային պատկանելության, համընդհանուր սոցիալական, քաղաքական հավասարության իրացումը երաշխավորող և հռչակող գերագույն օրենքն է։ Վրաստանի Սահմանադրությունը դավանանքի ազատության, կյանքի քաղաքական, հասարակական, անձնական բոլոր բնագավառներում ինքնարտահայտման ազատության ապահովման երաշխիքն է։
Չնայած որ մեր պետությունն արդեն 25 տարեկան է, Վրաստանում բնակվող տարբեր խմբերի միջև ճշմարիտ իրավահավասարության հարցը, երկրի շրջանների և այլ սուբյեկտների իրավահավասարության հարցը դեռևս մնում է չլուծված և իր պարտադիր լուծումն է պահանջում։
«Վրաստանի Հայ Համայնքը» շնորհավորում է Նորընտիր Խորհրդարանի բոլոր 150 անդամներին ընտրվելու կապակցությամբ, այդ թվում նաև այն պատգամավորներին, ովքեր մի քանի օրից կլքեն Խորհրդարանը և կզբաղեցնեն իրենց տեղերը երկրի Կառավարությունում։
Հուսով ենք, որ նախընտրական ժամանակաշրջանում համընդհանուր իրավահավասարության և հավասարության ապահովման հետ կապված բազմաթիվ խոստումները կյանքի կկոչվեն, և Նոր Խորհրդարանի պատգամավորները կիրականացնեն Վրաստանի Սահմանադրության տեքստով և Եվրոպական Խորհրդի ու այլ Եվրոպական կառույցների առջև իրենց ստանձնած պարտականությունները։
Ուզում ենք հավատալ, որ Վրաստանի 9-րդ գումարման Խորհրդարանը պատմության մեջ կմտնի որպես համաեվրոպական քաղաքակիրթ արժեքների՝ իրավահավասարության, ազատության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված Վրաստանի ճշմարիտ ժողովրդավարական ապագան ապահովող մարդկանց խումբ»:
Վրաստանի Հայ Համայնք