Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հանդիպել է Վրաստանում Ադրբեջանի Հանրապետության նորանշանակ դեսպան Դուրսուն Հասանովի հետ։ Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջեւ գոյություն ունեցող գործընկերային հարաբերություններին վերաբերող հիմնական հարցերը և համագործակցության խորացման հեռանկարները: Կառավարության ղեկավարը հաջողություններ է մաղթել Ադրբեջանի նորանշանակ դեսպանին:
Դուրսուն Հասանովի հանդիպել է նաեւ Վրաստանի Պաշտպանության նախարար Լևան Իզորիայի հետ: Կողմերը քննարկել են երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջեւ առկա և առաջիկա համագործակցության հարցերը: Պաշտպանության նախարարը ուշադրություն է դարձրել Ադրբեջանի հետ ռազմավարական մակարդակի հարաբերություններին։
«Ապրիլ ամսվա ընթացքում սպասում ենք Ադրբեջանի Պաշտպանության նախարարին, ում հետ կքննարկենք եւ կիրականացնենք 2017թ․ պաշտպանության համագործակցության ծրագրով նախատեսված կետերը»,-հայտարարել է Իզորիան:
Այս հանդիպման ընթացքում նաև կարևորվել է ռազմական կրթության ուղղությամբ համագործակցությունն ու փորձի փոխանակումը: Հանդիպմանը մասնակցել են Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Լելա Չիքովանին եւ Վրաստանում Ադրբեջանի ռազմական կցորդի պաշտոնակատար մայոր Ֆուադ Իբրահիմովը: