Վրաստանի կենտրոնական և Աջարիայի ինքնավար հանրապետության կառավարությունները պատրաստվում են քննարկել մարզային զարգացման ծրագրերը:
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին նշել է, որ Վրաստանի մի շարք շրջանների թվում Աջարիան ունի զարգացման ամենամեծ ներուժը: Վարչապետը տեղեկացրել է, որ հանդիպումներ է ունեցել մի շարք գործարարների հետ, որոնք հետաքրքրված են ներդրումներ անել Աջարիայում:
«Ընդհանուր առմամբ մեծ ցանկություն կա իրականացնել նոր նախագծեր, և ես մտադիր եմ արագացնել այդ գործընթացը: Աջարիայում տնտեսական աճ է նկատվում, բայց իմ կարծիքով, ընդհանրապես, տարածաշրջանի զարգացման ներուժն ավելի մեծ է: Վրաստանի այս շրջանը կարող է արձանագրել զարգացման մեծ դինամիկա»,- Աջարիայի իշխանությունների հետ հանդիպման ժամանակ ասել է երկրի վարչապետը:
Կվիրիկաշվիլին հայտնել է, որ կենտրոնական կառավարությունը պատրաստակամ է ամեն կերպ աջակցել տեղական ինքնակառավարման մարմիններին: Կառավարության ղեկավարը խոսել է նաև Բաթումիի բուլվարի վերանորոգման ծրագրի մասին` տեղի իշխանություններին կոչ անելով համագործակցել բնակչության հետ` հաշվի առնելով նաև նրանց կարծիքը: Գիորգի Կվիրիկաշվիլիի խոսքերն է փոխանցում «Agenda.ge»-ն: