
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն այսօր ներկայացրել է կառավարության աշխատակազմի նոր ղեկավար Կախա Կախիշվիլիին:
Վարչապետի խոսքով, Կախիշվիլին նախարարների կաբինետում ամենահաջողված նախարարներից է եղել: Հիշեցնենք՝ Կախիշվիլին ղեկավարել է Պատիժների իրականացման և պրոբացիայի նախարարությունը։
«Մենք նպատակ ունենք բոլոր ուղղություններով հասնել հաջողված բարեփոխումների։ Կառավարության աշխատակազմը այդ գործում մեծ դեր ունի, ուստի Կախան զբաղեցնելով աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, կկարողանա թիմի հետ համակարգել նախատեսվող բարեփոխումները»,-ասել է Բախտաձեն։
Վարչապետը նաև նշել է, որ նոր կառավարության նախանշած բարեփոխումները վերաբերում են 2018-2019 թվականներին: Կրթության ոլորտում բարեփոխումները, սակայն, ըստ նրա, երկարաժամկետ բնույթ են կրելու:
«Այս բարեփոխումները պահանջում են համակարգված աշխատանք: Բնականաբար, կառավարության աշխատակազմը հատուկ գործառույթ ունի, վստահ եմ, որ Կախա Կախիշվիլին այն պատվով կկատարի»,-ասել է Մամուկա Բախտաձեն: