Մեկնարկել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Բրյուսել:
Կոբախիձեն մի խումբ խորհրդարանականների հետ վաղը՝ փետրվարի 2-ին, մասնակցելու է Եվրոպական խորրհրդարանի լիագումար նիստին: Հիշեցնենք՝ նիստի քվերակությանն է դրվելու Վրաստանի հետ ազատ վիզային ռեժիմ սահմանելու հարցը:
Փետրվարի 2-ին Կոբախիձեն հանդիպումներ կունենա նաև Եվրախորհրդարանի ղեկավար Անտոնիո Տայանիի և Բելգիայի Թագավորության Սենատի նախագահ Քրիստին Դըֆրենի հետ:
Նախատեսված են նաեւ հանդիպումներ Եվրախորհրդարանի Արտաքին գործերի հանձնաժողովի ղեկավար Դավիթ Մակալիստերի եւ իրավաբանական հարցերով հանձնաժողովի ղեկավար Պավել Սվոբոդայի հետ: Եվրախորհրդարանում վրաստանյան պատվիրակությունը հանդիպումներ կունենա տարբեր քաղաքական խմբերի, այդ թվում՝ Եվրոպայի Սոցիալիստական կուսակցության նախագահ Սերգեյ Ստանիշևի եւ «Եվրոպական պահպանողականներ» խմբի ղեկավար Սայեդ Կամալի հետ:
Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայության տեղեկատվությամբ, բարձր մակարդակի հանդիպումների ընթացքում Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը ուշադրություն կհրավիրի Եվրամիության հետ սերտ համագործակցության և ապագա ծրագրերի վրա:
Կոբախիձեի գլխավորած պատվիրակությունը Բրյուսել աշխատանքային այցը կավարտի փետրվարի 3-ին: Տեղեկացնենք, որ պատվիրակության կազմում են Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Սոֆո Քացարավան, նույն հանձնաժողովի փոխնախագահներ Նինո Գոգուաձեն եւ Դիմիտրի Ցքիտիշվիլին, Եվրաինտեգրման հանձնաժողովի ղեկավար Թամար Խուլորդավան, նրա առաջին տեղակալ Իրինե Փրուիձեն, ինչպես նաեւ Վրաստանի խորհրդարանի նախագահի աշխատակազմի ղեկավար Նիկոլոզ Սամխարաձեն: