Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն հանրային ճնշման ներքո ժամեր առաջ հրաժարական տվեց։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Թբիլիսիի քաղաքային դատարանը 2017 թվականի դեկտեմբերի մեկին մայրաքաղաքի դպրոցներից մեկում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի հետևանքով մահացած երկու անչափահասների գործով որոշումն էր հրապարակել։ Ըստ որոշման՝ անչափահասներից միայն մեկի սպանության մեջ կասկածյալին է դատարանը մեղավոր ճանաչել։
Դատարանի որոշումը լուրջ բողոքի պատճառ է դարձել և առավոտից Թբիլիսիում անչափահաս զոհերի հարազատները հազարավոր աջակիցների հետ բողոքի ակցիաներ են անցկացնում՝ պահանջելով արդար դատավճիռ կայացնել։
Այս պահին Ռուսթավելի պողոտայում մոտ 10000 ցուցարար է հավաքված, նրանց են միացել նաև քաղաքական գործիչները:
Ավելի վաղ ցուցարարները պահանջում էին գլխավոր դատախազի հրաժարականը, որը, փաստորեն, տեղի ունեցավ։
«Ինձ համար, որպես գլխավոր դատախազ, հատկապես կարևոր է յուրաքանչյուր քաղաքացու վստահությունը պետական կառույցների նկատմամբ: Ցանկանում եմ անձամբ դիմել Խորավա փողոցում սպանված դեռահասների ծնողներին: Ես եղել եմ և մնում եմ ձեր կողքին: Որպես գլխավոր դատախազ և հայր, ուզում եմ ասել, որ ինձ պետք չէ պաշտոնս՝ ձեր երեխաների կյանքի գնով», — ասել է Շոթաձեն: