Ի՞նչ գործունեություն են ծավալում Վրաստանի գիտությունների ազգային ակադեմիայում, որքա՞ն է բյուջեն, ովքե՞ր են անդամները` Liberali պարբերականն այս հարցերի պատասխանը խնդրել է Վրաստանի գիտությունների ազգային ակադեմիայից:
Վրաստանի գիտությունների ազգային ակադեմիան անդամակցության վրա հիմնված կազմակերպություն է:
Ակադեմիկոսներ, հայցորդներ, պատվավոր ակադեմիկոսներ ու ակադեմիայի օտարերկրյա անդամներ` այսպիսին է ակադեմիայի անդամների կազմը:
Ակադեմիան Վրաստանի կառավարության գիտական խորհրդատուն է և դա ամրագրված է օրենքով:
Գիտությունների ազգային ակադեմիայի ֆինանսավորումը
Վրաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ֆինանսավորման հիմնական աղբյուրը պետական բյուջեն է: Հավելյալ աղբյուրների թվին են պատկանում գիտական հետազոտություններին աջակցություն ցուցաբերող տեղական և միջազգային հիմնադրամները:
2017 թվականին Վրաստանի ԳԱԱ-ի բյուջեն կազմել է ավելի քան 4 միլիոն լարի: Այստեղից աշխատավարձերին հատկացված գումարը կազմել է 2 միլիոն 215 հազար 246 լարի:
2012 թվականին գիտությունների ազգային ակադեմիայի բյուջեն կազմել է 3 միլիոն 100 հազար լարի (չհաշված հիմնադրամների կողմից հատկացված գումարը):
Ակադեմիայի աշխատակիցներն ու նրանց աշխատավարձերը
Գիտությունների ազգային ակադեմիայի մասին օրենքի համաձայն` ակադեմիկոսի աշխատավարձը պետք է լինի առնվազն 1600 լարի և այն հատկացվում է մինչև կյանքի վերջ:
Այսօր ԳԱԱ-ում 59 ակադեմիկոս և 31 հայցորդ կա:
Ակադեմիկոսի կարգավիճակ ստանալը կատարվում է ընտրությունների միջոցով: Ակադեմիկոսի կոչմանն առաջադրված անձին ընտրում է ակադեմիայի խորհուրդը` ձայների մեծամասնությամբ: Ակադեմիկոս են ընտրվում այն անձինք, որոնք միջազգայնորեն ճանաչված ներդրում են ունեցել գիտության զարգացման գործում: Նրանց կարգավիճակը հավերժ է և նրանք մինչև կյանքի վերջ աշխատավարձ են ստանում:
Կանոնադրության համաձայն` ակադեմիկոսները և հայցորդներ պետք է լինեն ակադեմիայի բաժինների աշխատակիցներ: Ընհանուր առմամբ ակադեմիան ունի 9 բաժին:
Օրինակ` լեզվի, գրականության և արվեստի բաժնի անդամ է քանդակագործ Զուրաբ Ծերեթելին: Ակադեմիայում ասում են, որ նա օրենքի համապատասխան աշխատավարձ է ստանում (1600 լարիից ոչ պակաս):
Ակադեմիայում ակադեմիկոսի կարգավիճակն ամենաբարձրն է: Նաև կան հայցորդներ և պատվո վճարի արժանացածներ: Ակադեմիայի հայցորդները նույնպես, ամբողջ կյանքի ընթացքում աշխատավարձ են ստանում` 1000 լարիից ոչ պակաս: Նույնը ստանում են նաև պատվո վճարի արժանացածները:
Liberali-ին տրամադրված տեղեկատվության համաձայն` բացի ակադեմիկոսներից և հայցորդներից, Վրաստանի ԳԱԱ-ում 2017 թվականին 165 հաստիքային, 18 արտահաստիքային աշխատակից է եղել: ԳԱԱ-ն ղեկավարվում է 4 անձի կողմից: Նախագահը Գիորգի Կվեսիտացեն է, փոխնախագահները` Ռիոն Մետրևելին և Թեմուր Նանեիշվիլին, ակադեմիկոս-քարտուղարը` Իրակլի Ժորդանիան:
2017 թվականին ԳԱԱ-ի նախագահի ամսական աշխատավարձը կազմել է 2500 լարի, նա նաև 2750 լարի պարգևավճար է ստացել: Փոխնախագահների և ակադեմիկոս-քարտուղարի աշխատավարձը 2000 լարի է, իսկ որպես հավելավճար 2250 լարի գումար են ստացել: Նախորդ տարվա 2-րդ և 4-րդ եռամսյակում հավելավճար են ստացել ԳԱԱ-ի գրեթե բոլոր աշխատակիցները: Օրինակ` առաջատար գիտական խմբագրի աշխատավարձը 600 լարի է, որպես հավելավճար նա ևս 850 լարի է ստացել:
Ի՞նչ է անում ԳԱԱ-ն
Վրաստանի գիտությունների ազգային ակադեմիայի գործունեությունը հրապարակված է ակադեմիայի պաշտոնական կայքում: Ակադեմիայից ասել են, որ 2017 թվականի գործունեության զեկույցը դեռևս պատրաստման փուլում է:
Ըստ ակադեմիայի, նախորդ տարի սկսել են աշխատել վրացերենի թեզաուրուս ստեղծելու վրա, որը վրացերենի առաջին փաստագրված պատմական բառարանը կլինի: 2017 թվականին հրատարակվել է նաև «Վրաստան» և «Վրացական մշակութային հուշարձանների նկարագրություն» հանրագիտարանները և նման այլ գործեր:
Լուսանկարը` Liberali.ge