Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն, ով պաշտոնական այցով գտնվում է Թուրքիայի հանրապետությունում, հանդիպել է այդ երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանին:
Հանդիպմանը կողմերը դրական են գնահատել երկու երկրների միջև առկա բարեկամական և ռազմավարական հարաբերությունները: Հատուկ ուշադրություն են դարձրել տարածաշրջանային տրանսպորտային և էներգետիկ նախագծերին, ընդգծել են դրանց իրագործման հարցում ակտիվ համագործակցության կարևորությունը:
Վրաստանի արտգործնախարարության մամլո ծառայության փոխանցմամբ՝ հանդիպմանը նաև նշվել է բարձր մակարդակի փոխայցելությունների դինամիկայի պահպանման և հետագա ակտիվացման անհրաժեշտությունը: Նաև խոսվել է մշակույթի ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման մասին:
Ջանելիձեն դատապարտել է Թուրքիայում վերջին շրջանում տեղի ունեցող ահաբեկչությունները՝ իր զորակցությունը հայտնելով Թուրքիայի իշխանություններին ու թուրք ժողովրդին:
Թուրքիայի նախագահ Էրդողանն իր հերթին վերահաստատել է Անկարայի աջակցությունը Վրաստանի տարածքային ամողջականությանն ու ինքնիշխանությանը: Վրաստանի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել եվրապական և եվրատլանտյան կառույցներին ինտեգրվելու հարցում Թուրքիայի կողմից ցուցաբերվող աջակցության համար: