
Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն աշխատանքային այցով Վաշինգտոն է մեկնել:
Ինչպես տեղեկացնում են արտաքին գործերի նախարարությունից, այցի շրջանակներում Վրաստանի արտգործնախարարը հանդիպումներ կունենա ԱՄՆ-ի պետական դեպարտամենտի, առևտրային ներկայացուցչական գրասենյակի և Վրաստանի հարցերով աշխատող գործադիր իշխանության ներկայացուցիչների, ինչպես նաև գիտահետազոտական կենտրոնի առաջատար փորձագետների հետ:
Մասնավորապես, այցի շրջանակներում Ջանելիձեն հանդիպելու է ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Վես Միչելի և Ասիայի, Եվրոպայի, Մերձավոր Արևելքի ու արդյունաբերական հարցերով ԱՄՆ-ի առևտրի ներկայացուցչի տեղակալ Ջեֆրի Գերիշի հետ:
Արտգործնախարարության հաղորդմամբ, այցի շրջանակներում Վրաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը կհանդիպի նաև ԱՄՆ-ի գործադիր իշխանության և Կոնգրեսի ներկայացուցիչների, ինչպես նաև Եվրոպական քաղաքականության վերլուծական կենտրոնի (CEPA) անդամներին: