Վրաստան-Եվրամիություն վիզային ռեժիմի ազատականացման տեղեկատվական քարոզարշավի երկրորդ փուլի շրջանակներում, մարտի 6-ին ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության մասին տեղեկատվական կենտրոնում տուրիստական կազմակերպությունների ներկայացուցիչների համար տեղեկատվական հանդիպում տեղի ունեցավ:
Հանդիպմանն աջակցել էին Վրաստանի Եվրոպական եւ Եվրաատլանտյան կառույցներում ինտեգրման հարցերով պետնախարարի աշխատակազմը եւ Միգրացիայի քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնը:
«Լայնամասշտաբ քարոզարշավի շրջանակներում ուզում ենք առավելապես իրազեկել տուրիստական կենտրոններին, որոնք կարեւոր թիրախ են հանդիսանում այս գործընթացում: Այսօր մենք մինչեւ 80 տուրիստական կազմակերպությունների ներկայացուցչի ենք հանդիպում, ուզում ենք, որ այս ծրագիրը իրականացվի Վրաստանի մասշտաբով, ինչը կներառի մոտավորապես 200 կազմակերպության իրազեկում: Հանդիպումներին կմասնակցեն ոչ միայն տուրիստական կազմակերպությունները, այլեւ քաղաքական գործիչներ»,-հանդիպմանն ասաց Վրաստանի Եվրոպական եւ Եվրաատլանտյան կառույցներում ինտեգրման պետնախարար Վիկտոր Դոլիձեն։
Հանդիպման ընթացքում Վրաստանի պետնախարարի ապարատի, արտաքին, ներքին գործերի նախարարությունների եւ արդարադատության նախարարության պետական ծառայությունների զարգացման գործակալության ներկայացուցիչները մասնակիցներին մանրամասնորեն ծանոթացրին առանց վիզայի ճանապարհորդման պայմաններում Վրաստանի քաղաքացիների իրավունքների եւ պարտականությունների հետ: Պետնախարարն իր խոսքում նշեց, որ հանդիպումների շարքն առավել կարեւոր է Վրաստանի էթնիկ փոքրամասնություններով բնակեցված տարածքների համար:
«Մեր նպատակն է առավելապես պատրաստել մեր հանրությանն առանց վիզային ռեժիմին, նրանց տեղեկացնել բոլոր մանրամասները: Էթնիկ փոքրամասնություններով բնակեցված տարածքներում այս գործընթացն իրականացնելը բնական է, կարեւոր է, քանզի նրանց համար ավելի գրավիչ կլինի Վրաստանի քաղաքացու անձնագիր վերցնելը եւ օգտվելը Վրաստանի քաղաքացիներին ընձեռված՝ առանց վիզայի ճանապարհորդման իրավունքից»,-ասաց հյուպատոսական դեպարտամենտի տնօրեն Գիորգի Տաբատաձեն։
Տուրիստական կազմակերպությունների հետ հաջորդ հանդիպումը տեղի կունենա մարտի 9-ին: Հիշեցնենք՝ տեղեկատվական քարոզարշավի առաջին փուլը մեկնարկել է 2015-ի օգոստոսին: Պետնախարարը ծրագրում է հանդիպումներ իրականացնել թիրախային խմբերի հետ ինչպես Թբիլիսիում, այնպես էլ երկրի տարբեր շրջաններում: