Նոյեմբերի 22-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է ռուս֊աբխազական միացյալ զորախմբի ստեղծման մասին համաձայնագիրը վավերացնող օրենքը։
Համաձայնագրով ռուսաստանյան կողմից զորախմբի կազմի մեջ են մտնում Աբխազիայում տեղակայված ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի 7-րդ ռազմաբազան, իսկ աբխազական կողմից՝ ԶՈւ մոտոհրաձգային 2 գումարտակ, հրետանային, ավիացիոն զորախմբեր, ինչպես նաև հատուկ նշանակության ջոկատ։
Այս համաձայնագիրն արդեն հասցրել է աղմուկ բարձրացնել Վրաստանում: Համաձայնագրի վավերացմանն արձագանքել է նաև Վրաստանի ռազմավարական գործընկեր ԱՄՆ-ն: ԱՄՆ Պետդեպարտամենտն իր հայտարարությունում նշել է, որ չի ճանաչում համաձայնագրի օրինականությունը:
Վրաստանի արտգործնախարարւթյունը հայտարարություն է տարածել նոյեմբերի 23-ին, որով «դատապարտել է Ռուսաստանի քայլն ու հորդորել հավատարիմ մնալ միջազգային իրավունքի հիմնարար նորմերին, ինչպես նաև պահպանել 2008թ. օգոստոսի 12-ին կնքված հրադադարը»: Արտգործնախարարությունը կոչ է արել նաև միջազգային հանրությանը պատշաճ գնահատական տալ Ռուսաստանի ագրեսիային:
Հավելենք, որ դեռևս նոյեմբերի 2-ին համաձայնագիրը վավերացրել էր ՌԴ Պետդուման:
Ինչպես նշվում է համաձայնագրում, զորախումբը նախատեսված է կողմերից յուրաքանչյուրի վրա զինված հարձակումը (ագրեսիան) կանխելու համար:
Դեռ 2 տարի առաջ՝ 2014թ. նոյեմբերի 24-ին, Ռուսաստանի և Աբխազիայի նախագահները ստորագրել էին ռուս-աբխազական համագործակցության և ռազմավարական գործընկերության պայմանագիր՝ 10 տարի ժամկետով և երկարաձգման հնարավորությամբ։
Հենց սրանով էլ նախատեսվում էր զինված ուժերի միացյալ զորքերի ստեղծում, որը կազմավորվելու էր ոչ ուշ, քան համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո 1 տարվա ընթացքում: Նշվում էր նաև, որ համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո 3 տարվա ընթացքում Ռուսաստանի միջոցներով աբխազական բանակն «արդիականացվելու է», այդ թվում նաև՝ բերվելու է ռուսաստանյան բանակի չափանիշներին։ Իրականացվելու է նաև Աբխազիայի ԶՈւ անձնակազմի վերապատրաստում, ինչպես նաև ռազմական նոր տեխնիկայով համալրում։