« Վարշավայի գագաթնաժողովը մեկ քայլ առաջ էր: Մեր առաջընթացը արագ չէր, սակայն, այն կանգ չի առել»: Նման հայտարարություն է արել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին` Թբիլիսիում բացված «Եվրոպայի փոփոխվող աշխարհառազմավարական լանդշաֆտը Վարշավայի գագաթնաժողովից հետո» համաժողովի ժամանակ:
Երկրի ղեկավարի խոսքով` Վրաստանը շատ բանի է հասել, ավելացրել է երկրի պաշտպանունակությունը, մասնակցում է տարածաշրջանի կայունության շուրջ ընթացող քննարկումներին:
Խոսելով ԵՄ հետ վիզայի ազատականացման մասին` Մարգվելաշվիլին նկատել է, որ այդ գործընթացի ձգձգումը կապված է ԵՄ-ում առկա խնդիրների հետ: Այդուհանդերձ նախագահը հույս է հայտնել, որ մոտ ապագայում Վրաստանը կստանա վիզայի ազատականացում, կունենա ավելի ծանրաբեռնված եվրոպական օրակարգ:
Գիորգի Մարգվելաշվիլին իր ելույթում անդրադարձել է նաև ներքաղաքական իրադարձություններին, մասնավորապես առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Նա կոչ է արել 2016 թ. ընտրություններին գնալ ընտրական նոր ստանդարտով.
«Մենք պետք է նոր չափանիշներ կիրառենք այս ընտրություններում. այդպիսով ընտրություն անենք ոչ թե ինչ- որ մեկի դեմ, այլ ինչ -որ մեկին ընտրելու համար: Մենք ուզում ենք եվրոպական քաղաքական լանդշաֆտին անցնել…», -հայտարարել է Գիորգի Մարգվելաշվիլին:
Նա կարևորել է նաև 2012թ.-ի խորհրդարանական ընտրությունները, դրանում ներդրված ժողովրդավարական ջանքերը:
«Մենք արդեն կարևոր փորձ ունենք այս հարցում: Առաջիկա ընտրությունները եվս պետք է անցկացվեն եվրոպական չափանիշերին համապատասխան: Մենք դիտորդներին կոչ ենք անում մեծ ուշադրությամբ հետևել այս գործընթացին: Մեզ դա կօգնի երկրում անցկացնել ժողվրդավարական ընտրություններ»: