Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում հաստատել են, որ Բորջոմիի անտառում բռնկված հրդեհի ժամանակ Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերում Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի եւ Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի միջեւ հեռախոսազրույց է կայացել:
Ինչպես «Ինտերպրեսնյուս» լրատվականին են տեղեկացրել նախարարությունից, փնտրվել են բոլոր հարկավոր տեխնիկաները, որոնց օգտագործումն արդյունավետ կլիներ, այդ թվում նաև Ռուսաստանում առկա տեխնիկաները։
«Բորջոմիի անտառում հրդեհի մասշտաբները եւ ստեղծված ճգնաժամային իրավիճակը պահանջում էր օպերատիվ եւ արդյունավետ աշխատանք, նաեւ, համապատասխան տեխնիկա գտնել: Քանի որ վրացական կողմը հրդեհի չեզոքացման միջոցառումներում այլ երկրներից օգնություն խնդրելու որոշում է կայացրել, դիմել ենք ինչպես ՄԱԿ-ին, Եվրամիությանը, ՆԱՏՕ-ին, այնպես էլ այլ գործընկեր երկրներին:
Գտել ենք հարկավոր տեխնիկաները, որոնց օգտագործումն արդյունավետ կլիներ: Այդ թվում կար տեխնիկա, որն ունի Ռուսաստանի Դաշնությունը: Համապատասխանաբար, հեռախոսազրույց է կայացել Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերում Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցչի եւ Ռուսաստանի փոխարտգործնախարարի միջեւ, որի ժամանակ էլ հայտնի է դարձել ռուսական կողմի աջակցության պատրաստակամության՝ իրավիճակի բարդացման դեպքում հրդեհի չեզոքացման աշխատանքներում համապատասխան տեխնիկայի ներգրավման մասին:
Դրանից հետո, Շվեյցարիայի դեսպանության միջոցով ռուսական կողմին ուղարկվել է ընթացակարգերի մաս կազմող համապատասխան նոտա։ Որոշ ժամանակ անց, Ռուսաստանի Դաշնության կողմից օգնության անհրաժեշտությունը դուրս է եկել օրակարգից»,- հայտարարել են նախարարությունից՝ հավելելով, որ արտակարգ իրավիճակներում փրկարար ծառայությունների համագործակցությունն ընդունված պրակտիկա է։