Վրաստանի ներքին գործերի նախարարությունը ներկայացրել է ժամանակավոր մեկուսարանների նորացման ծրագիրը:
Գեորգի Գախարիայի` ՆԳ-ի նախարար նշանակվելուց հետո գերատեսչությունը բարեփոխումների մի ամբողջ շարք է սկսել: Նախարարն ասել է, որ իր նպատակն իր ղեկավարած կառույցը նոր տեխնոլոգիաներով և նոր ինստիտուտներով հագեցնելն է, ինչպես նաև նախարարության նկատմամբ վստահության ավելացումը: ՆԳՆ-ի պաշտոնական էջում ասված է, որ մեկուսարանների բարեփոխման ծրագիրը նպատակ ունի ապահովել ձերբակալվածների պաշտպանությունը` համապատասխան պայմաններ ստեղծելով և աշխատանքի նոր ստանդարտներ ներմուծելով:
Վրաստանի ՆԳՆ-ն արդեն փոխել է ժամանակավոր մեկուսարանների տեսագրության կարգը, նաև ծրագրում է հետագայում կառուցել նոր մեկուսարաններ, վերանորոգել հները: Փետրվարի սկզբից արդեն ավելացվել է մեկուսարանների տեսագրությունների պահպանման տևողությունը` 24-ից հասցնելով 120 ժամի, այսինքն կասկածյալի` մեկուսարանում մնալու ողջ ընթացքում: Ապագայում ծրագրվում է բարելավել մեկուսարանների տեսաձայնագրման համակարգը: Առաջին փուլում ներգրավվել է 6 խոշոր մեկուսարան, որոնցում հնացած տեխնիկան փոխարինվելու է նորով:
Բացի այդ, մեկուսարաններում գտնվողները հնարավորություն կունենան օգտվել բուժսպասարկումից: Այդ նպատակով բոլոր սենյակներում բուժանձնակազմ կհերթապահի:
Նորացման ծրագրի շրջանակներում վերանորոգվելու են Ծալկայի, Քոբուլեթիի, Սամթրեդիի, Փոթիի մեկուսարանները, ինչպես նաև կառուցվելու են Ախալցիխեում, Զուգդիդիում, Բորջոմիում, Գուդաուրիում, Բակուրիանիում:
Բացի այդ Վրաստանի ՆԳՆ-ն այսուհետ մինչ խափանման միջոցի մասին դատարանի որոշումն առանձին մեկուսարաններում է պահելու քրեական հանցագործության մեջ կասկածվողներին և վարչական պատիժ կրողներին: Բարեփոխումը կվերաբերի նաև մեկուսարանների աշխատակիցներին: Նախարարությունը պատրաստվում է նորացնել նրանց վերապատրաստման ծրագիրը, և վերապատրաստումը պարտադիր կլինի` մեկուսարանում աշխատելու համար:
Նյութը` sputnik-georgia-ից