Նոյեմբերի 28-ին Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան ընդունել է Էստոնիայի խորհրդարանի ազգային պաշտպանության հանձնաժողովի նախագահ, նախկինում Էստոնիայի պաշտպանության նախարար Հանես Հանսոյին: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, կողմերը հանդիպմանը քննարկել են պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցության հարցեր, ինչպես նաև անդրադարձել են պարտադիր զինծառայության կարևորությանը:
«Մենք քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցության հարցեր, ինչպես նաև անդրադարձել ենք զորակոչային համակարգին: Պետք է նշեմ, որ Էստոնիայում այս համակարգը վաղուցվանից է աշխատում: Ես ևս մեկ անգամ լսեցի լավ փաստարկներ, թե ինչու է Վրաստանի և Էստոնայի նման փոքր ազգերի համար անհրաժեշտ զինվորական ծառայությունը: 2017 թվականի հունվարին մենք Էստոնիա այց ենք նախատեսել, որպեսզի հենց տեղում ծանոթանանք այս համակարգի աշխատանքին, իսկ հետո, ՆԱՏՕ-ի անդամ պետությունների փորձը հաշվի առնելով, մեզ մոտ նույնպես այդ չափանիշներով զորակոչային համակարգ ստեղծենք»,— հայտարարել է Լևան Իզորիան:
Ինչպես հաղորդում է Վրաստանի ՊՆ-ն, հանդիպմանը Հանես Հանսոն ներկայացրել է Մերձբալթյան երկրների օրինակը, նշելով, որ ժամանակին պարտադիր զինվորական ծառայություն իրականացնելու համակարգը վերացվել էր, սակայն հետո նորից վերականգնվել է: Ըստ նրա՝ սա լավագույն ձևն է, երբ յուրաքանչյուր քաղաքացի կարող է մասնակցել երկրի պաշտպանությանը:
Հավելենք, որ երկօրյա այցի շրջանակներում Հանսոն ներկա է եղել նաև Վրաստանի ինստիտուցիոնալ պաշտպանության դպրոցի (DIB) ազգային պաշտպանության բարձր կուրսի բացման արարողությանը, ինչպես նաև Վրաստանի ԶՈւ հատուկ գործողության ուժերի կազմավորման 17-ամյակի միջոցառմանը:
Հիշեցնենք, որ Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Թինա Խիդաշելին պաշտոնավարման վերջին շրջանում փաստաթուղթ ստորագրեց, որով վերացրեց զինված ուժերում պարտադիր զորակոչը: Խիդաշելիի հրամանը, սակայն, չէր վերաբերում ուժային մյուս կառույցներին: Նոյեմբերին Խիդաշելիի հրամանը չեղարկվեց և զորակոչը վերականգնվեց բանակում: