ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն իր ամենամյա հաշվետվության մեջ Վրաստանը դաշինքի կարևոր գործընկերներից մեկն է համարել։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանի Արտաքին գործերի նախարարությունը:
Մարտի 13-ին հրապարակվել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի 2016թ․ հաշվետվությունը, ինչն ամփոփում է անցյալ տարի դաշինքի կողմից իրականացրած աշխատանքը: Փաստաթղթում անդրադարձ կա աշխարհաքաղաքական իրադարձություններին, դաշինքի առջեւ ծառացած մարտահրավերներին ու դրանց հաղթահարմանն ուղղված քայլերին:
Վրաստանի Արտաքին գերատեսչության փոխանցմամբ՝ կարևորագույն այս փաստաթղթում Վրաստանը հիշատակվում է մի քանի անգամ։ Նշված է, որ Վրաստանը դաշինքի «ասպիրանտ երկիրն» է, որը կարեւոր դերակատարություն ունի ՆԱՏՕ-ի գլխավորությամբ իրականացվող տարբեր խաղաղապահ առաքելություններում:
Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը պաշտոնական հաշվետվության մեջ նշում է նաև, որ ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությունը կառույցի հիմնական սկզբունքն է, որը հաջողությամբ է իրականացվում:
Զեկույցում առանձնացված է հատկապես ՆԱՏՕ-Վրաստան միջոցառումների փաթեթը, որի իրականացումը աջակցում է ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի ձգտմանը։
Ամբողջական հաշվետվությանը կարող եք ծանոթանալ այստեղ։