Այսօր, հունիսի 28-ին, Վրաստանի և Հոնկոնգի միջև ազատ առևտրի համաձայնագիր է կնքվել: Համաձայնագիրը կնքվել է «Գոտի և ճանապարհ» գագաթնաժողովի շրջանակներում։ Այն ստորագրել են աշխատանքային այցով Հոնկոնգում գտնվող Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար Գենադի Արվելաձեն և Հոնկոնգի առևտրի և տնտեսական զարգացման քարտուղար Էդվարդ Յաու Թանգ-Վահնը:
Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ համաձայնագրի նպատակն է որոշել ապրանքների ազատ տեղաշարժի և առևտրի խթանման պայմանները: Կողմերի միջև նոր համաձայնագիրը ներառում է նաև մաքսային և առևտրի խթանման, մտավոր սեփականության իրավունքների, առևտրի տեխնիկական խոչընդոտների, սանիտարական և բուսասանիտարական միջոցառումների հետ կապված հարցեր:
AliQ Media-ի հետ զրույցում քաղաքագետ Ռամազ Սակղվարելիձեն ողջունեց նմանատիպ պայմանագրի կնքումն ու հույս հայտնեց, որ այն մոտ ապագայում կտա իր պտուղները։
«Ողջունելի է ազատ առևտրի այսպիսի համաձայնագիրը, առավել ևս, որ այն կնքվել է այնպիսի ուժեղ տնտեսական կենտրոնի հետ, ինչպիսին Հոնկոնգն է: Քաղաքական տեսանկյունից սա նույնպես կարևոր փաստ է, քանի որ մենք արևելյան երկրների հետ տնտեսական կապերի պակաս, հաստատ, ունենք: Վրաստանը կամուրջ է արևելքի և արևմուտքի տնտեսական կապերի միջև, ուստի այս իմաստով նույնպես կարևոր է այս համաձայնագիրը», — ասում է քաղաքագետը: