
Վրաստանը համաձայնել է Շվեդիայում դատապարտված իր քաղաքացիներին հայրենիք վերադարձնել, համապատասխան համաձայնագիրը կստորագրվի հաջորդ երկու ամսվա ընթացքում:
Շվեդական լրատվամիջոցների հաղորդմամբ, այս մասին հայտնի է դարձել Շվեդիայի և Վրաստանի ներքին գործերի նախարարներ Մորգան Յոհանսոնի և Գիորգի Գախարիայի հանդիպումից հետո:
«Այժմ մենք սկսում ենք աշխատել երկկողմ համաձայնագրի վրա, որը կներառի նաև Շվեդիայում դատապարտված Վրաստանի քաղաքացիների տեղափոխումը», — ասել է Յոհանսոնը:
Շվեդիայում ներկայումս Վրաստանի 70 քաղաքացի է դատապարտված, սակայն Վրաստանը հրաժարվել էր նրանց տեղափոխել՝ վրացական բանտերում տեղ չունենալու պատճառով:
Գախարիան և Յոհանսոնը համաձայնության են եկել նաև ոստիկանության համագործակցության ընդլայնման մասով, դրա հիմնական նպատակն է խմբակային, կազմակերպված հանցագործությունների կանխարգելումը: