Թուրքիայի եւ Վրաստանի միջեւ տարածքային որեւէ փոխանակում տեղի չի ունեցել` հայտարարել է Վրաստանում Թուրքիայի դեսպան Լեւենտ Զեքի Գյումրուքչուն` ի պատասխան որոշ ԶԼՄ-երում տարածված տեղեկատվության:
Վրաստանում Թուրքիայի դեսպանատան տարածած հայտարարությունում` դեսպան Գյումրուքչուն ասել է, որ ապրիլին Վրաստանի և Թուրքիայի համապատասխան մարմինների ներկայացուցիչները տեխնիկական բնույթի հանդիպումներ են ունեցել, որոնք վերաբերել են երկու երկրների միջև սահմանային գետի փոխված հունին:
«Վերջին օրերին մամուլում տարածված տեղեկատվության շուրջ Վրաստանի արտգործնախարարության ապրիլին 27-ի հայտարարությունը լիովին բացատրում է այս հարցի հետ կապված իրավիճակը: Թուրքիայի եւ Վրաստանի միջեւ ոչ մի տեսակի տարածքային փոխանակում տեղի չի ունեցել: Երկու երկրների միջև ներկա սահմանը հաստատվել է 1970-ականներին ձեռք բերված համաձայնությամբ: Կողմերն այն ընդունել են նաև Վրաստանի անկախությունից հետո` 1992 թվականին` Վրաստանի ու Թուքիայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ժամանակ և ցայսօր մեր երկրների միջեւ տարածքային ոչ մի խնդիր չի առաջացել»,- հայատարարել է Վրաստանում Թուրքիայի դեսպան Լեւենտ Զեքի Գյումրուքչուն:
Լուսանկարը` armweeklynews կայքից