http://www.armweeklynews.am/ կայքը տեղեկություն է տարածել, որ մարտի 31-ին Սամցխե- Ջավախեթիի շրջանի ղեկավարությունը գաղտնի բանակցություններ է վարել Ջավախքին սահմանակից Արդահանի Պոսոֆի շրջանի ղեկավարության հետ` նշելով, որ տեղեկությունն իրենց հասել է Թուրքիայից: Մասնավորապես` Սամցխե- Ջավախեթիի վարչական շրջանի փոխոստիկանապետ , գնդապետ Խաչիկ Մոսոյանը բանակցում է Պոսոֆի շրջանի ղեկավար Ուֆուկ Յոզենի հետ:
Կայքի տեղեկություններով` բանակցություններին մասնակցել են նաև զինվորականներ և իրավապահներ երկու կողմերից: Քննարկվել են Ջավախքի և Պոսոֆի թուրք-մեսխեթցիների միջև զբոսաշրջության, գյուղատնտեսության, անասնապահության, ջրօգտագործման և այլ ոլորտներում համագործակցության սերտացման հարցեր:
Այսօր ` ապրիլի 27-ին նույն աղբյուրը կրկին անդրադարձել է այս թեմային` գրելով որ Պոսոֆում (Արդահանի նահանգ) Վրաստանի արտգործնախարարության Եվրոպայի հետ հարաբերությունների վարչության սահմանների ճշտման և սահմաններին առնչվող հարցերով բաժնի վարիչ Իվերի Մելաշվիլին և Պոսոֆի կայմակամ Ուֆուկ Յոզեն Ալիբեյողլուն ստորագրել են համաձայնագիր` թուրքական Յուրթբեկլեր գյուղի մոտ Վրաստանի սահմանը Վալեի հարևանությամբ 90 մ ետ տանելու վերաբերյալ: Նվիրված տարածքը կազմում է շուրջ 15 հա: Պարբերականը համոզմունք է հայտնում, որ մեջբերում ենք` այս գործարքի մասին տեղյակ չէ Վրաստանի հանրությունը:
Նույն թեմային անդրադարձել է նաև «Риа Новости»-ն: «Վրաստանը Թուրքիային է հանձնում 6 հա վիճելի տարածքը» վերտառությամբ հոդվածում, հղում անելով «sabah» թերթին` Ռիա նովոստին հայտնում է, թե Վրացական և թուրքական իշխանությունները համաձայնության են եկել:
Նշված տարածքը երկրի հյուսիս-արևելյան հատվածում է, 70-ականներին անցել է ԽՍՀՄ կազմում գտնվող Վրաստանին, այն բանից հետո, երբ փոքր գետը, որի վրայով անցնում է սահմանը, փոխել էր հունը:
Տեղի բնակիչների խնդրանքով` 2013-ին թուրքական իշխանությունները Վրաստանից պաշտոնյաներ էին հրավիրել` վիճելի տարածքն ուսումնասիրելու նպատակով: Բանակցությունների արդյունքում` կողմերը որոշել էին սահմանային գետը բերել նախկին հունին, այս կերպ Թուրքիային հանձնելով ֆուտբոլային 15 դաշտի մեծությամբ տարածք:
Տեղի բնակիչները պնդում են, որ նշված հողատարածքը շատ բարեբեր է, և նրանք մտադիր են այն օգտագործել հողագործության նպատակով` այն բանից հետո, երբ ավարտվեն գետի հունի փոխման աշխատանքները: