Վրաստանը եվրոպական երկրների շարքում ամենաշատ բանտարկյալներն ունի և միևնույն ժամանակ ամենաքիչ գումարն է ծախսում մեկ բանտարկյալի վրա, պարզել է Եվրոպական խորհրդի ամենամյա հետազոտությունը, որտեղ նշվում է նաև, որ 2015 թվականին 2014-ի համեմատ Եվրոպայի բանտերում բանտարկյալների թիվը նվազել է 6.8%-ով:
Եվրոպական խորհուրդը նաև հրապարակել է ոչ պաշտոնական զեկույց, որտեղ Վրաստանին վերաբերող մասում գրված է․
«Վրաստանում ընդհանուր առմամբ 10 242 բանտարկյալ կա, այդ թվում 54 անչափահաս, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր 10 հազար բնակչին բաժին է ընկնում 274 բանտարկյալ: Այդ թիվը զգալիորեն բարձր է Եվրոպական խորհրդի այլ երկրների ցուցանիշներից (115 բանտարկյալ 10 հազար բնակչին) և 20%-ով ավել է Վրաստանի 2014 թվականի ցուցանիշներից: Վրաստանում գրանցվել է բանտարկյալների թվաքանակի ամենաբարձր աճը»,-նշվում է զեկույցում:
Ըստ զեկույցի՝ Վրաստանն այն երկրների թվին է պատկանում, որտեղ բանտարկյալների թիվը բարձր է: Նման երկրներ են նաև Ռուսաստանը, որտեղ 10 հազար բնակչին բաժին է ընկնում 439.2 բանտարկյալ, Լիտվան` 277, Վրաստանը՝ 274.6, Լատվիան` 223.4, Թուրքիան` 220.4, Մոլդովան` 219.9:
Վրաստանում 2005 թվականի համեմատ 10 հազար բնակչին բաժին ընկնող բանտարկյալների թիվը աճել է 37%-ով: Այս տարիների ընթացքում Վրաստանն ամենաբարձր ցուցանիշն ունեցել է 2011-2012 թվականներին (541 և 546 բանտարկյալ` 10 հազար բնակչին): Սակայն 2012-ին տեղի ունեցավ զանգվածային համաներում:
«2005 թվականից բանտարկյալների ընդհանուր թիվն աճել է 18%-ով, այս ցուցանիշը նույնպես աճել է տարիների ընթացքում և գագաթնակետին հասել 2011 թվականին (24 186 բանտարկյալ)։ Կին բանտարկյալները կազմում են ընդհանուր բանտարկյալների 3.1%-ը, ինչը զգալիորեն ցածր է Եվրախորհրդի երկրների միջին ցուցանիշից: Իսկ պատիժների իրականացման հաստատությունները ծանրաբեռնված չեն։ Քրեակատարողական հիմնարկներից դուրս` հիվանդանոցներում կամ հոգեբուժական հաստատություններում ընդհանուր առմամբ 105 հոգեկան խնդիրներ ունեցող կան»,-նշվում է զեկույցում։
Ինչ վերաբերում է կատարած հանցանքներին, ապա հատկանշական է, որ 2015-ին, Վրաստանը Իտալիայից հետո երկրորդ երկիրն է թմրանյութային հանցագործություն կատարած բանտարկյալների թվաքանակով (ընդհանուր բանտարկյալների 30%):
Գողությունը երկրորդ ամենատարածված հանցագործությունն է Վրաստանում (ընդհանուր բանտարկյալների 28.7%): Այս տվյալներով Վրաստանը երրորդն է` Բուլղարիայից և Ավստրիայից հետո: Երրորդ ամենատարածված հանցագործությունը կողոպուտն է (ընդհանուր բանտարկյալների 19%), իսկ սպանության կամ սպանության փորձի համար դատված է յուրաքանչյուր 7-րդ բանտարկյալը:
«2015 թվականին Վրաստանում, բանտերից փախչելու փորձ չի գրանցվել։ 2014-ին բանտերում մահացել է 27 մարդ, որից 7-ը ինքնասպանություն է գործել: 10 հազար բանտարկյալի մահացության միջին ցուցանիշը 26.4 % է կազմում, ինչը մոտ է եվրոպական միջին ցուցանիշին»,-ասվում է զեկույցում:
Հետազոտությունը պարզել է, որ բանտերի համար բյուջեից նախատեսված գումարը 2014 թվականին կազմել է 53.16 միլիոն եվրո, իսկ մեկ բանտարկյալի վրա ծախսվող օրական միջին գումարը կազմում է 5.66 եվրո և այս ցուցանիշն ամենացածրն է հետազոտության մեջ ընդգրկված երկրների շարքում:
«Այն 10 անգամ ցածր է եվրոպական միջին ցուցանիշից (52.6 եվրո): Այս տեսանկյունից ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Շվեդիայում և Սան Մարինոյում, որոնք բանտարկյալների վրա օրական ծախսում են 354 և 480 եվրո»,-նշվում է զեկույցում: