
Ապրիլի 15-ին, Թբիլիսիի «Frontline Georgia» ակումբում` «Democracy and Freedom Watch» (www.dfwatch.net) կազմակերպության նախաձեռնությամբ տեղի կունենա «Փոփոխական դինամիկա` Վրաստանի ադրբեջանցիների և հայերի հարաբերություններում» խորագրով միջոցառում:
Միջոցառման վերաբերյալ տեղեկատվություն պարունակող ֆեյսբուքյան էջում (https://www.facebook.com/events/258708857802996/) նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ վերջին զարգացումները մեծ ազդեցություն են ունեցել Վրաստանում բնակվող հայ և ադրբեջանական համայնքների վրա:
«Ադրբեջանցիների և հայերի միջև հարաբերությունների` հնարավոր վատթարացումը Վրաստանի համար չափազանց կարևոր մարտահրավեր է: Պաշտոնական հայտարարությունների մակարդակում հարաբերությունները միանգամայն բարեկամանական են, ինչը մեծամասամբ համապատասխանում է իրականությանը, չնայած նրան, որ երկու կողմից էլ տարբեր ուժեր, այդ թվում ծայրահեղական տրամադրություններ ունեցող ազգայնական խմբավորումներ, իրավիճակի սրման համար ջանք չեն խնայում»,- նշվում է միջոցառման ֆեյսբուքյան էջում:
Մամուլի միջոցների համար բաց միջոցառմանը ելույթով հանդես կգան 2 հայազգի եւ 2 ադրբեջանցի բանախոսներ.

Ալի Բաբաև. «Վրաստանում ադրբեջանցիների ազգային կոնգրես»

Սլավա Մեժդոյան. «Վրաստանի հայ համայնք» կազմակերպության վարչության նախկին անդամ, անկախ փորձագետ

Զաուր Խալիլով. «Քաղաքացիական ինտեգրացիայի հիմնադրամ»

Առնոլդ Ստեփանյան,
«ԲազմազգՎրաստան» կազմակերպություն
Միջոցառումը կվարի Վրաստանում բնակվող հետազոտող-լրագրող` Դոմինիկ Քշիշտոֆ Ցագարան:
Ելույթներին կհետեւի ոչ ֆորմալ քննարկում: