Վաչիան գյուղում ընտանիք է սպանվել

Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղում դաժանաբար սպանվել են Քաչոտյանների ընտանիքի 4 անդամները:
Մայրը և երկու դուստրերը մահացել են բութ գործիքի հարվածների հետևանքով, իսկ 5-ամյա տղան` շնչահեղձ է եղել: Նրանց մարմինները հայտնաբերել են մահացած կնոջ` հարևանությամբ ապրող ծնողները:  Օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում, սպանությունները կատարելու կասկածանքով Վրաստանի ՆԳՆ-ը թարմ հետքերով ձերբակալել է 1992թ.-ին ծնված Նոդար Ակոպովին: Նրան մեղադրանք է առաջադրվել` կանխամտածված սպանություն ծանրացուցիչ հանգամանքներում (ՔՕ 109 հոդված, 2րդ կետ) հոդվածով:
Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը գողություն կատարելու նպատակով մտել է նշված տունը, տանտիրուհին և ընտանիքի անդամները փորձել են դիմադրություն ցույց տալ, Ակոպովը  բութ գործիքով ծանր հարվածներ է հասցրել մորը և երկու դեռահաս աղջիկներին, ովքեր տեղում մահացել են: Հանցագործությունը կոծկելու նպատակով հանցագործն այրել է տունն ու դիմել փախուստի: Տունն ամբողջությամբ չի այրվել: Ըստ նախնական տեղեկությունների` ընտանիքի կրտսեր երեխան քնած շնչահեղձ է եղել:
ՆԳՆ-ի հայտարարության մեջ նշվում է, որ ձերբակալվածը ընդունել է մեղքը: Վաչիանցիների խոսքերով, սպանված ընտանիքը գյուղի օրինակելի ընտանիքներից է եղել, թշնամիներ չի ունեցել: Համագյուղացիները ցնցված են ողբերգությունից: Նրանք պատմել են. որ սպանված աղջիկներից մեկն այս տարի էր գերազանցությամբ ավարտել դպրոցը , մյուսը ութերորդ դասարանում էր սովորում: 5-ամյա տղայի ընկերները չեն հավատում, որ էլ նրա հետ բակում չեն խաղալու: Տղաները վախեցած են, նրանցից մեկն ասել է, որ գիշերը վախից չի կարողանում քնել:
Ընտանիքի հայրը դեպքի պահին եղել է ՌԴ-ում, նրան չեն ասել, որ կինն ու երեխաները սպանվել են, ասել են, թե հայրն է մահացել: Տեղեկություն կա, որ Ակոպովը հանցագործության պահին մենակ չի եղել, սպանությանը մասնակցելու կասկածանքով գյուղի մի քանի բնակչի ևս բերման են ենթարկել: Վարկած է շրջանառվում, որ հանցագործը դեպքի պահին եղել է ոչ սթափ վիճակում:
Տեղեկատվությունը և լուսանկարը` http://jnews.ge/am/-ի

 

Թողնել պատասխան