Վախճանվել է Վրաստանի նախագահի նախկին թեկնածուն

Մահացել է Վրաստանի նախագահի նախկին թեկնածու, քաղաքական գործիչ և «Լիդերների դպրոցի» հիմնադիր-ղեկավար Գիա Մաիսաշվիլին:

«Գիան այլևս չկա, մենք կորցրինք մեծ հայրենասերին, չկարողացանք իրականացնել նրա վերջին ցանկությունը՝ վախճանվել հայրենիքում»,-ասվում է նրա ֆեյսբուքյան էջի գրառման մեջ:

Անցյալ շաբաթ «Ազատ Վրաստան» կուսակցության ղեկավար Կախա Կուկավան գրել էր, որ Մաիսաշվիլին խնդրել է իրեն ԱՄՆ-ից Վրաստան տեղափոխել: Սա նրա վերջին ցանկությունն էր: Դրա համար անհրաժեշտ էր 160 հազար դոլար: Կուկավան օգնության խնդրանքով դիմել էր Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլուն, սակայն արդեն ուշ էր:

Վերջին տարիներին քաղաքական գործիչ և «Լիդերների դպրոցի» հիմնադիր Մաիսաշվիլին պայքարում էր ծանր հիվանդության դեմ: 2015 թվականին նրա մոտ ուղեղի ուռուցք էին հայտնաբերել: Վերջին տարիներին հանգուցյալն ապրում էր ԱՄՆ-ում:

Մաիսաշվիլին տնտեսագետ էր, վերապատրաստում էր անցել Ստենդֆորդի համալսարանում, 1997-ին ավարտել էր Հարվարդի Քենեդու անվան կառավարական դպրոցը:

2003 թվականին Մաիսաշվիլին վերադարձավ հայրենիք և աշխատանքի անցավ Միխեիլ Սաակաշվիլու ղեկավարած «Ազգային միասնական շարժում» կուսակցությունում որպես խորհրդական:

 

Թողնել պատասխան