Թբիլիսիի Պետրոս Ադամյանի հայկական պետական դրամատիկական թատրոնի տեղում նոր շինություն կկառուցվի, որն ավելի ժամանակակից եւ բազմաֆունկցիոնալ կլինի։ Այս մասին խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության եւ քաղաքացիական ինտեգրման հանձնաժողովի նիստի ընթացքում հայտարարել է Վրաստանի մշակույթի եւ սպորտի փոխնախարար Գիորգի Բաքրաձեն։ Նիստին ներկայացվում էր «2016 թ․ Վրաստանում մարդու իրավունքների իրավիճակի մասին» Վրաստանի օմբուդսմենի զեկույցի՝ խորհրդարանի կողմից տրված առաջարկությունների իրականացման հաշվետվությունը:
«Խորհրդատվություններից մեկը վերաբերում էր հայկական թատրոնի վերանորոգմանը: Տարիների ընթացքում այս հարցը շատ լուրջ դրված էր նախարարության առջեւ եւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը մշտապես մատնանշում էր այն: Նշեմ, որ թատրոնի նորոգման աշխատանքներն արդեն սկսված են: «Քարթու» (պատկանում է Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիին խմբ.) հիմնադրամն ամբողջովին ստանձնել է շինարարական աշխատանքների ծախսերը եւ արդեն հատկացրել է 8 մլն լարիից ավելի: Սամխարաուլիի անվան ազգային բյուրոն, որը նաեւ կազմել էր վերականգնման նախագիծը, արդեն շինարարական գործընթացի ժամանակ եզրակացություն է արել, որ այս շենքն ավելի շատ է վնասված, քան նախագիծը կազմելու առաջին փուլում էր թվում: Որոշում է կայացվել՝ համաձայնեցնելով ինչպես թատրոնի ղեկավարության, այնպես էլ դեսպանության, հայկական կողմի գործընկեր նախարության հետ, որ միջազգային «Քարթու» հիմնադրամը կստանձնի շենքը քանդելու եւ տեղում նոր շինություն կառուցելու պարտականությունը: Շինությունը կլինի ավելի ժամանակակից եւ բազմաֆունկցիոնալ»,- հայտարարել է Գիորգի Բաքրաձեն:
«Ալիք Մեդիան» հարցի վերաբերյալ զրուցեց թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանի հետ, որը որոշման մեջ անհանգստության առիթ չի տեսնում։
«Երբ շենքն ազատվեց բետոնից, հայտնաբերվեց, որ ամեն մետրի վրա կան ճաքեր, դրանք ամրացնելուց հետո շենքը չի դիմանա 4 բալ երկրաշարժի, դա սեյսմիկ կենտրոնի որոշումն է: Բացի այդ, շենքն ամրացնելուց 2-3 տարի հետո նորից ճեղքեր կգոյանան: Դրանից հետո նախարարությունը, թատրոնի ղեկավարությունը, հենց ինքը՝ բարերար Իվանիշվիլին տեղեկացվել են այդ մասին, առաջարկվել է վերացնել պատերը եւ ավելի արագ եւ կարճ ժամանակահատվածում ամուր շենք կստանանք: Չեմ հասկանում՝ ինչ կա վախենալու»,- նշեց Բայանդուրյանը:
Հիշեցնենք՝ շինարարական աշխատանքները մեկնարկել են 2017 թվականի օգոստոս ամսվանից, թատրոնի դերասանները ժամանակավորապես տեղափոխվել են Թբիլիսիի Գրիբոյեդովի անվան պետական թատրոն: