Խորհրդային Վրաստանի նախկին առաջնորդներից Ջումբեր Պատիաշվիլիի հետ հանդիպեցինք Թբիլիսիում՝ Վրաստանի մայրաքաղաքի Վակե շրջանի իր բնակարանում: Նա Խորհրդային Վրաստանը ղեկավարել է 1985-1989 թվականներին: 1988-ի դեկտեմբերի 7-ին, երբ երկրաշարժը ցնցեց Հայաստանը` ավերելով երկրի տարածքի մոտ մեկ երրորդը, առաջիններից մեկը, ով շտապեց Սպիտակ և փորձեց օգնել աղետյալներին, Պատիաշվիլին էր:
Հարց– Պարոն Պատիաշվիլի, ես երկրաշարժի մասին մի գիրք էի կարդում, որտեղ գրված էր. «Փրկարարների մեջ կարելի էր տեսնել աշխույժ, սպիտակ մազերով մի մարդու, ով կարգադրություններ էր անում, ուշադրությամբ լսում փլատակների տակ մնացածների բարեկամներին: Վրաստանի կենտկոմի առաջին քարտուղարն էր»: Ինչպե՞ս եք հիշում այդ օրը:
Պատասխան– Ժամանակը արագ է անցնում: Այդ երկրաշարժը ցնցեց հայ ժողովրդին, ողջ աշխարհին, այդ թվում նաեւ իմ ընտանիքին: Ես մանրամասնորեն չեմ կարող այդ օրերը հիշել, բայց կան բաներ, որ կյանքում երբեք չեմ մոռանա: 1988-ի դեկտեմբերի 7-ին ես իմ աշխատանքային առանձնասենյակում էի, երբ ուժեղ շարժվեց լուսամփոփը: Համապատասխան ծառայություններից տեղեկացա, որ երկրաշարժը գրանցվել է հարավում: Բայց առաջին բանը, որ արեցի, զանգահարեցի Դաղստան, քանի որ այնտեղ սեյսմիկ գոտի է: Ապա կապվեցի Ախալքալաքի եւ Նինոծմինդայի հետ: Ասացին, որ շատ ուժեղ երկրաշարժ է գրանցվել, բայց նրանք էլ դեռ տեղյակ չէին, որ էպիկենտրոնը Հայաստանում է: Անմիջապես ուղղաթիռով մեկնեցի Նինոծմինդա: Արդեն մի քանի ժամ էր անցել: Շրջանի ղեկավար Վասո Քոչինյանը տեղեկացրեց, որ կան տուժածներ: Ուղղաթիռով մեկնեցինք Սպիտակ: Ահավոր տեսարան էր: Շրջակայքում ամեն բան ավերված էր: Ես առաջին անգամ էի Սպիտակում եւ քաղաք չտեսա, ամեն բան ավերված էր:
Հարց– Դուք հենց ավերակների վրա էի՞ք:
Պատասխան– Այո: Ավերակ մի շենքի մոտ մի կին բարձրաձայն արտասվում եւ օգնություն էր խնդրում: Մոտեցա: Փլատակների տակ մնացել էր նրա դուստրը: «Լսում ե՞ս ձայնը, իմ դուստրն», ասաց նա ինձ: Բայց ես ի՞նչ կարող էի անել: Մոտ կես ժամվա ընթացքում հավաքվեցին մի քանի տասնյակ մարդ եւ փլատակների տակից դուրս բերեցին այդ աղջկան: Գիտես, հիմա շատ դժվար է նկարագրել այն ամենը, ինչ ես տեսա այնտեղ: Ուրիշ բան, եթե տեսախցիկներ լինեին եւ այդ ամենը նկարահանվեր: Դա պատմության համար կարեւոր կլիներ: Ես չեմ կարող բառերով նկարագրել, թե մարդիկ ինչպես էին միմյանց օգնում, հույս տալիս:
Երբ ես Նինոծմինդայից պատրաստվում էին թռչել Սպիտակ, կապվեցի Թբիլիսիի հետ եւ համապատասխան հանձնարարականներ տվեցի, որպեսզի փրկարարները պատրաստ լինեն, պատրաստ լինի համապատասխան տեխնիկան, բժիշկների բրիգադը: Արդեն դեկտեմբերի 8-ին վրացի փրկարարները աշխատում էին աղետի գոտում: Հիշում եմ` տուժածներին տեղափոխում էինք նաեւ Վրաստանի հիվանդանոցներ: Երկրաշարժից մի քանի օր հետո Վրաստանի հիվանդանոցներից մեկում ծնվեց հայ երեխա: Հայաստանի կենտկոմի առաջին քարտուղար Սուրեն Հարությունյանը եկավ, միասին գնացինք այդ հիվանդանոց` նորածնի մորը տեսակցելու:
Հարց– Երկրաշարժից հետո Հայաստանը սկսեց ժամանակի իր հատուկ հաշվարկը. երկրաշարժից հետո առաջին օրը, երկրորդ օրը… Ուրեմն, Դուք դեկտեմբերի 7-ին ամբողջ օրը մնացիք Սպիտակում:
Պատասխան– Այդ օրը Սպիտակում մառախուղ էր, երեկոյան սկսեց ձյուն գալ: Ես իմ ուղղաթիռի անձնակազմին հարցրեցի` կարող ե՞նք թռչել Թբիլիսի: Ասացին այո, բայց դա ավելի շատ կասկածանքով, դժկամությամբ այո էր: Արդեն մթնել էր, երբ թռանք Սպիտակից: Մոտ 15 րոպե անց օդաչուն զեկուցում է, որ ոչինչ չի տեսնում, կորցրել է կողմնորոշումը եւ պետք է ավտոմայրուղու վրա վայրէջք կատարել: Շատ փորձառու օդաչու էր, մայրուղով սլացող ավտոմեքենաների լույսերի օգնությամբ վայրէջք կատարեց: Դուրս եկանք ուղղաթիռից: Սկսեցին փնտրել ուղեկից, ով կարող էր մեզ օգնել դուրս գալու այս դժվար վիճակում. ավտոմայրուղու կենտրոնում էջել է ուղղաթիռը, մառախուղ է, ձյուն է գալիս:
Մի Մոսկվիչ մեքենայի երիտասարդ վարորդ ասաց, որ ինքը Ստեփանավան է գնում եւ կարող է մեզ էլ տանել: Այդ Մոսկվիչով մենք հասանք Ստեփանավան: Այնտեղից կապվեցինք Թբիլիսիի հետ: Մեքենա ուղարկեցին մինչեւ Տաշիր, այնտեղից մեկնեցինք Թբիլիսի: Արդեն հեռուստատեսությամբ տեղեկատվությունը հաղորդվել էր, որ Հայաստանում տեղի է ունեցել ավերիչ երկրաշարժ: Բայց դժվար էր պատկերացնել ողբերգության մասշտաբները, եթե սեփական աչքերով չես տեսել այն:
Հարց– Խորհրդային Միության առաջնորդ Միխայիլ Գորբաչովը այդ օրը Միացյալ Նահանգներում էր: Նյու Յորքից նա պետք է ուղեւորվեր Կուբա եւ Մեծ Բրիտանիա, սակայն ստանալով Հայաստանի ավերիչ երկրաշարժի լուրը, շտապ վերադարձավ Մոսկվա: Ինչպե՞ս արձագանքեց Խորհրդային Միության ղեկավարությունը:
Պատասխան– Դեկտեմբերի 9-ին Գորբաչովը Միացյալ Նահանգներից վերադարձին ինձ հետ կապվեց օդանավից եւ կարգադրեց մեկնել Հայաստան: Քանի որ Գորբաչովը Մոսկվայից անմիջապես թռչում էր Գյումրի, ես էլ օդանավով ուղեւորվեցի Գյումրի: Մեքենայով շրջեցինք քաղաքում: Հանդիպեցի ինձ ծանոթ հայերի: Մի քանի օրերի ընթացքում նրանք ֆիզիկապես ծերացել էին: Մարդիկ բարոյապես ջախջախված էին: Գյումրիից ուղեւորվեցինք Երեւան, որտեղ հավաքվել էր Խորհրդային Միության բարձրագույն ղեկավարությունը: Տեղի ունեցավ խորհրդակցություն, որը վարում էր Խորհրդային Միության վարչապետ Նիկոլայ Ռիժկովը: Խորհրդակցությանը ներկա էր նաեւ Ադրբեջանի առաջնորդ Աբդուռահման Վեզիրովը: Ռիժկովը մանրամասն ներկայացնում էր աղետի վնասները, տարվող աշխատանքները: Ես չգիտեմ ինչքանով է էթիկապես արդարացված ասել, բայց հիշում եմ, որ Ռիժկովը հատկապես շեշտեց Վրաստանի մասնակցությունը փրկարարական աշխատանքներին: Իհարկե, ես ինձ շատ լավ զգացի: Մոտ 150 ղեկավարներ էին նստած եւ Ռիժկովը հատուկ գովում է քո երկրին: Մի կողմից շատ հաճելի էր, մյուս կողմից` անհարմար: Ռիժկովը շատ բան արեց Հայաստանի համար երկրաշարժի հետեւանքերը վերացնելու հարցում: Նա շատ ազնիվ եւ պարկեշտ անձնավորություն է, իսկական հայրենասեր:
Ես վերադարձա Թբիլիսի: Մենք ակտիվորեն մասնակցեցինք երկրաշարժից հետո վերականգնողական, շինարարական աշխատանքներին: Մենք հայ ժողովրդի հետ կիսեցինք այդ մեծ վիշտը: Բավական երկար ժամանակ Վրաստանում գտնվեցին երկրաշարժից տուժած Հայաստանի քաղաքացիները:
Հարց– Պարոն Պատիաշվիլի, երկրաշարժից մի քանի տարի անց վերացավ Խորհրդային Միությունը: Մամուլում սկսեցին գրել, որ Խորհրդային երկիրը պատրաստ չէր դիմակայելու տարերային աղետներին: Հաճախ է ասվում, որ եթե այդ երկիրը պատրաստ լիներ, ապա հնարավոր էր ավելի շատ մարդկանց փրկել, հանել փլատակների տակից: Ձեր կարծիքով` Խորհրդային Միության ղեկավարության արձագանքը` դիմագրավելու Հայաստանի ավերիչ երկրաշարժին, համարժեք է՞ր:
Պատասխան– Այն ժամանակ չկար արտակարգ իրավիճակների նախարարություն: Օրինակ, երբ Հայաստանում տեղի ունեցավ երկրաշարժ, անհրաժեշտ էր փոքր էքսկավատորներ, որոնք կաշխատեին փլատակների գոտում: Ես դժվարանում եմ այսօր ասել` հնարավոր է՞ր այնպես անել, որ զոհերի թիվը ավելի քիչ լիներ: Խորհրդային ղեկավարությունը անում էր հնարավորը` մեղմելու աղետի հետեւանքները: Այսօր էլ աշխարհի զարգացած երկրներում, ինչպես Միացյալ Նահանգներում, տեղի են ունենում նման աղետներ, մահանում են հարյուրավոր, հազարավոր մարդիկ: Ինչ վերաբերում է Գորբաչովին, նա շատ սրտացավությամբ էր վերաբերում: Նա կնոջ` Ռաիսա Մաքսիմովնայի հետ ժամանեց Հայաստան:
Հարց– Դուք ասում եք, որ բառերը բավարար չեն ներկայացնելու այն ահավոր վիճակը, որ տեսել եք երկրաշարժի առաջին օրերը Սպիտակում եւ Գյումրիում: Այսօր, այդ արհավիրքից երկու տասնամյակ անց, ի՞նչ է մնացել Ձեր հիշողության մեջ, որ երբեք չեք մոռանա:
Պատասխան– Գյումրիում էր: Երբ անցնում էին մարզադաշտի մոտով, այնտեղ շարված էին դագաղներ: Ես չգիտեմ թիվը, հարյուրավոր դագաղներ էին: Մարդկանց թաղում էին անմիջապես: Ես երբեք չեմ մոռանա հայ կանանց տոկունությունը, նրանք տղամարդու նման դիմադրեցին այդ ահավոր աղետին: Ես չեմ մոռանա նաեւ մարդկանց միասնությունը: Աղետի ժամանակ Հայաստանը նման էր մեկ ընտանիքի, որը դիմադրում էր բնության հարվածին: Ես այդ ընտանիքում որպես ավագ կհիշեցնեի Ռիժկովի անունը: Միգուցե Հայաստանում դեռ պահպանվել է այն խորհրդակցության սղագրությունը կամ ձայնագրությունը, որը նախագահում էր Ռիժկովը: Նրա խոսքերը սրտի ցավով էին ասվում:
Հարց– Այն սերունդը, որը շփվել, աշխատել է Ձեր հետ, առիթի դեպքում երախտագիտության խոսքեր է ասում ինչպես անձամբ Ձեր, այնպես էլ հարեւան Վրաստանի հասցեին, որը դժվար պահին առաջինը եկավ օգնության:
Պատասխան– Շատ հաճելի է, երբ գնահատում են օգնությունը, երբ հատկապես գալիս է դժվար պահին: Ասացի, որ երկրաշարժից մի քանի օր հետո Թբիլիսի եկավ Սուրեն Հարությունյանը, եւ մենք երկուսով շրջեցինք հիվանդանոցներում, որտեղ տեղավորվել էին տուժածները: Մարդիկ իրենց երախտագիտությունն էին հայտնում: Շատ հաճելի էր, երբ լսում ես նման խոսքեր: Երկրաշարժի առաջին տարելիցի առիթով Հայաստանի ղեկավարությունը նախատեսել էր Սպիտակում փողոցներից մեկը անվանակոչել իմ անունով: Ես այս ամենը պատմում եմ` հիշեցնելու, որ Հայաստանի ղեկավարությունը, հայ ժողովուրդը գնահատեց մեր` վրացիների օգնությունը: 1989 թ. ապրիլի 9-ի Թբիլիսիի արյունալի դեպքերից հետո Վրաստանի ղեկավար դարձավ ԿԳԲ-ական [Պետական անվտանգության կոմիտե] Գումբերիձեն: Նա Հայաստանի ղեկավարությանը խորհուրդ տվեց չշտապել` մինչեւ ավարտվի ապրիլյան դեպքերի հետաքննությունը: Այսպիսով, հարցը հանվեց օրակարգից: 1998 թ. երկրաշարժի 10-ամյա տարելիցի առիթով վրացական պատվիրակությունը եւս պիտի մեկներ Հայաստան: Վան Բայթուրդյանը զանգահարեց, որ իմ անունն էլ կա պատվիրակության ցուցակում: Այն ժամանակ Վրաստանում նախագահը Էդուարդ Շեւարդնաձեն էր: Նա իմ անունը հանեց պատվիրակության կազմից:
Նյութը արտատպված է AniARC կայքից