
Թբիլիսիի «Սպիտակ աղմուկ» հասարակական կազմակերպության կողմից Ռուսթավելիի պողոտայում` խորհրդարանի շենքի դիմաց բողոքի ակցիա անցկացվեց: Կազմակերպության ակտիվիստները դիմում են նոր խորհրդարանին՝ պահանջելով ապաքրեականացնել մարիխուանայի և այլ հոգեներգործուն նյութերի կիրառությունը, աճեցնելն ու պահելը: Հիշեցնենք, որ նախորդ գումարման Խորհրդարանը տապալել էր մարիխուանայի օգտագործումն օրինականացնեու մասին օրենքի նախագիծը.
«Ալիքը» զրուցել է կազմակերպության ակտիվիստներից մի քանիսի հետ.

Դավիթ Սուբելիանի. «Մեր նպատակն է՝ ուղերձ հղել, որպեսզի Խորհրդարանը բարեփոխումներ իրականացնի 2006 թվականից Վրաստանում գործող՝ թմրանյութերի քաղաքականության դեմ: Սահակաշվիլիի կողմից հրամցված «Զրո հանդուրժողականության» քաղաքականության արդյունքում, թմրանյութեր օգտագործող մարդկանց համար այս երկրում ապրելը անհնարին դարձավ: Օգնություն ստանալու փոխարեն՝ այդ մարդիկ հալածվում են, նրանց ձերբակալում և տուգանում են: Այսօր միջազգային իրավունքի օրն է, և ցույցի համար այս օրը հատուկ ենք ընտրել: Պետք է հասկանալ, որ թմրանյութեր օգտագործող մարդը հանցագործ չէ: 2017 թվականին խորհրդարանին կներկայացնենք բարեփոխումների մեր ծրագիրը: Հուսով ենք՝ Խոհրդարանն այն կընդունի, և վերջ կդրվի հալածանքներին»:

Քեթա Գաբունիա. « Մենք բողոքարկում ենք երկրում իրականացվող՝ թմրանյութերի ֆաշիստական քաղաքականությունը: Մենք պահանջում ենք ապաքրեականացնել բոլոր տեսակի թմրանյութերի օգտագործումը, սահմանել որոշ թմրամիջոցների օգտագործման թույլատրելի չափաբաժին: Սրանով պետք է զբաղվի ոչ թե Ներքին գործերի, այլ Առողջապահության նախարարությունը: Բոլոր խոշոր քաղաքական ուժերը խոստանում էին վերանայել գոյություն ունեցող քաղաքականությունը, սակայն գործնական քայլեր առայժմ չեն արվել»:

Գիորգի Քուրդիանի. «Թմրանյութ օգտագործողներին միանգամից ձերբակալում են: Իրականում նրանց մասին պետք է հոգ տանել տարբեր ճանապարհներով՝ հասարակության լիիրավ անդամ դարձնելու համար: Ոչ մարդկային վերաբերմունք է նրանց ձերբակալելը: Մեր ցույցը խաղաղ է: Հուսով ենք՝ այն կհասնի իր նպատակին»:
Հիշեցնենք, որ ակցիայի մասնակիցների և իրավապահների միջև բախումներ են եղել, խաթարվել է կենտրոնական պողոտայի երթևեկությունը, Ոստիկանությանը դիմադրություն ցույց տալու մեղադրանքով երկու ակտիվիստ է բերման ենթարկվել, Ռուսթավելի պողոտայի երթևեկությունն արագ վերականգվել է: