Վրաստանի պատիժների կատարման և պրոբացիայի նախարարությունը Թբիլիսիի թիվ 8 բանտում բանտարկյալին վիրավորելու գործով մանրամասներ է հաղորդել։
Հիշեցնենք՝ Գլդանիի բանտի դատապարտյալ Նիկոլոզ Չոպիկաշվիլիին գիշերը կոկորդի կտրած վերքով զուգարանում հայտնաբերել է իր հետ նույն խցում պատիժ կրող մեկ այլ դատապարտյալ: Դեպքը կատարվել է փետրվարի տասին, սակայն այս մասին տեղեկատվություն տարածվել է չորս օր անց միայն: Չոպիկաշվիլին կենդանի է մնացել, այս պահին ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է Գուդուշաուրիի անվան ազգային բժշկական կենտրոնում:
Նախարարության պաշտոնական հայտարարությունում նշվում է, որ ըստ ականատեսների վկայության՝ բանտարկյալն ինքն իրեն վնասվածքներ է հասցրել սափրվելու շեղբով:
Տուժածի փաստաբանները բացառում են ինքնասպանության վարկածը, նաև տարօրինակ են համարում այն, որ դեպքի վայրում գործիքը չի հայտնաբերվել, ըստ քննության, քանի որ դեպքը տեղի է ունեցել զուգարանում, բանտարկյալն ամենայն հավանականությամբ այն ջուրն է նետել:
Չոպիկաշվիլին պատիժ է կրում 2014-ից՝ դիտավորյալ սպանության փորձի համար: Այդ ընթացքում, ըստ պաշտոնական տվյալի՝ նա երեք անգամ ինքն իրեն վնասել է՝ որպես պատճառ նշելով իր հոգեկան խանգարումը: Նա հինգ անգամ տեղափոխվել է հոգեբուժական կենտրոն՝ ստացիոնար բուժում ստանալու համար: Վերջին անգամ բուժվել էր 2017-ին՝ երկու ամիս տևողությամբ: 2016-ին նա նաև ներգրավվել է ինքնասպանության կանխարգելման ծրագրում:
Քրեական գործը հարուցվել է ինքնասպանության հասցնելու հոդվածով: