Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը քաղաքացիներին խորհուրդ է տալիս սոլյարիից չօգտվել: Կենտրոնի խորհրդատվության համաձայն՝ սոլյարիից պետք է խուսափեն հատկապես մինչև 35 տարեկան անձինք:
Ըստ հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ոչ վարակիչ հիվանդությունների բաժնի ղեկավար Լեյլա Սուրուայի՝ մինչև 35 տարեկան քաղաքացիները սոլյարիից օգտվելիս պետք է գիտակցեն, որ այդպիսով մեծանում է մաշկի քաղցկեղի և աչքի մի շարք հիվանդությունների առաջացման հավանականությունը:
Սուրուայի խոսքերով, հատկապես մեծ վտանգի տակ են հայտնվում բաց գույնի մաշկ ունեցողները:
Ինչ վերաբերում է անչափահասներին, հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ոչ վարակիչ հիվանդությունների բաժնի ղեկավարը խորհուրդ է տալիս ընդհանրապես չօգտվել սոլյարիից.
«Արևայրուք ստանալու լավագույն տարբերակը բնական արևն է: Առողջ արևայրուք ստանալու լավագույն ժամերն են՝ առավոտյան մինչև 11-ը և երեկոյան ժամը 6-ից հետո»,- նշել է Լեյլա Սուրուան:
Տեղեկացնում է Interpressnews.ge-ն: