Թբիլիսիի բազմաբնակարան շենքի բնակարանները, որոնք տուժել են հակաահաբեկչական հատուկ գործողությունից, կվերանորոգի քաղաքապետարանի բնակեցման հարցերով ծառայությունը: Հիշեցնենք՝ Թբիլիսիի Գաբրիել Սալոսի փողոցում հակաահաբեկչական գործողությունը տևեց գրեթե մեկ օր՝ նոյեմբերի 21-22-ը: Շենքը, որի բնակարաններից մեկում թաքնվել էին կասկածյալները, վնասվել է հրդեհից և պայթյունից: Դեպքերը գրանցվել են շենքի երրորդ շքամուտքում, 27 ընտանիք մինչ այժմ չի կարող վերադառնալ իրենց տները:
Քաղաքապետարանը ծրագրում է 300 հազար լարի ծախսել բնակարանների վերանորոգման համար, ընդհանուր առմամբ կնորոգվի և կամրացվի մոտ 600 քմ տարածք:
Բացի բնակարաններից, հատուկ գործողության ընթացքում վնասվել է նաև տեղի բնակիչներին պատկանող 28 ավտոմեքենա, դրանք արդեն փորձաքննության են տարվել և վերադարձվել սեփականատերերին, փոխքաղաքապետ Իրակլի Բենդելիանին ասել է, որ պետությունը այս վնասը ևս կփոխհատուցի՝ մեկ անգամ ևս վստահեցնելով, որ կառավարության կողմից ամբողջովին հատուցվելու է նշված գործողության հետ կապված ցանկացած վնաս:
Հիշեցնենք, որ հակաահաբեկչական հատուկ գործողության արդյունքում մեկ անձ է ձերբակալվել՝ ՌԴ-ի քաղաքացի Սաիդ Դուդաևը, երեքը սպանված են: Երկուսը ոչնչացվել են վրաց իրավապահների կողմից, իսկ երրորդը՝ հայտնի ահաբեկիչ Ախմեդ Չատաևն էր, ով պայթեցրել է իրեն: Երկու շաբաթ անց հայտնի դարձավ, որ Վրաստանի անվտանգության ծառայությունը թաքստոց է գտել, ուր ըստ քննության վարկածի՝ պահվում էր ահաբեկչական խմբավորման կողմից օգտագործված զինամթերքը: Չատաևին և նրա խմբի մյուս անդամներին իրավապահներն առաջարկել են վայր դնել զենքը և հանձնվել, սակայն նրանք հրաժարվել են և կրակ բացել: Հատուկ գործողության ընթացքում զոհվեց մեկ ուժային, տարբեր վնասվածքներ ստացան Վրաստանի ՆԳՆ–ի հատուկ նշանակության ջոկատի հինգ անդամներ: