Ալիք մեդիան վերահրապարակում է Epress.am կայքում տեղադրված հոդվածի հայալեզու տարբերակը:
Հոդվածը պատրաստվել է «Հարավային Կովկասի տաբուացված թեմաները» նախագծի շրջանակներում։ Նախագիծն իրականացվում է Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոնի աջակցությամբ։
Հարավկովկասյան սիրո պատմություններ թշնամանքի պայմաններում:
Գայանե Մկրտչյան (Հայաստան), Էդիտա Բադասյան (Վրաստան), Գյունել Մովլուդ (Ադրբեջան)
Երբ մարդիկ սիրահարվում են, հաճախ չեն էլ մտածում այն մասին, թե ով ինչ ազգության է: Սիրային հարաբերություններում «քիմիան» լրիվ այլ ռեակցիաներով է ընթանում, քան (կեղծ) հայրենասիրությունն ու սերն առ հայրենիք: Սակայն մարդը չի կարող և չի ուզում իր շրջապատից կտրված ապրել:
Հակամարտության մեջ գտնվող ժողովուրդների ներկայացուցիչների միջև խառը ամուսնությունները կրկնակի հետաքրքիր թեմա են: Քանի որ բաժանվում է բազմաթիվ սցենարների և հանգեցնում տարբեր ռազմավարությունների այն պահին, երբ երկու տարբեր հանրություններ, որոնց ամուսինները պատկանում են, ոչ թե կենաց, այլ մահու դաժան կռվի են բռնվում:
Վրաստանից, Հայաստանից և Ադրբեջանից լրագրողների խումբը փորձել է վերստեղծել այն պատկերը, որը կօգնի մեր ընթերցողներին պատկերացում կազմելու, թե ինչպես էին իրենց զգում և շարունակում են զգալ այն մարդիկ, ովքեր որոշել են իրենց ճակատագիրը կապել «թշնամի» ազգի ներկայացուցչի հետ: Ի՞նչ վիճակում են նրանց զավակները: Ինչպե՞ս էր ընթացել նրանց կյանքը, որը կախված էր ազգամիջյան հակամարտությունից: Ինչպե՞ս են նրանք ապրել: Ինչպե՞ս են ապրում:
Ես փախա էնտեղից, որ չլսեմ էդ սարսափելի «էրմենի» բառը
Ադրբեջան
Սոֆյան դերձակ է, մոտ 40 տարեկան կլինի: Բարձրահասակ է, շիկահեր, թափանցիկ-ճերմակ մաշկով: Այժմ ապրում է Եվրոպայում, ամուսնացած է, երեխա ունի: Ծնվել և մեծացել է Բաքվում: Նրա հայրն ադրբեջանցի էր, մայրը` հայ:
Սոֆյայի համար դյուրին չէր իր պատմությունը պատմել, չէ՞ որ դեռ պատանեկությունից` ղարաբաղյան հակամարտությունից հետո Բաքվում ապրած կյանքից նրա հիշողություններում մնացել են շատ ցավոտ բաներ, որ չէր ուզի հիշել. «Հայրս ու մայրս ամուսնացել էին իրենց հարազատների կամքին հակառակ: Թե´ էս և թե´ մյուս կողմի հարազատներն ուզում էին, որ նրանցից յուրաքանչյուրը կյանքի ուղեկից ընտրեր «յուրայիններից»: Բայց դա իրոք մեծ սեր էր: Եվ նրանք ամուսնացան: Ծնվեցինք մենք` ես ու քույրս: Եվ շատ շուտով հորս բարեկամները մորս ավելի շատ էին պաշտում, քան «իրենցինին», և հակառակը…»
«Թշնամիների» շարքին դասվելը
Ղարաբաղյան հակամարտությունից առաջ ընտանիքն ապրում էր իր կյանքով: Մինչ այդ Սոֆյան և քույրը մոր ազգության համար որևէ խնդիր չէին զգում. «Հաճախ ես էլ չգիտեի, թե դասարանում կամ ծանոթներիցս ով ինչ ազգության է: Ամեն ինչ փոխվեց համարյա մի օրում: Բոլոր հայերը պարզապես լռելյայն թշնամի դարձան: Էն ժամանակ էդ ինձ շատ էր զարմացնում ու վախեցնում: Ես 12-13 տարեկան էի, հասկանում էի, որ էդ անհեթեթություն է: Մամաս, որ իր կյանքում նույնիսկ Հայաստանում չէր եղել, բնիկ բաքվեցի, հանկարծ դարձավ հասարակությունում անցանկալի մարդ: Ես մեղքի ու վախի մշտական, կայուն զգացում ունեի… Մեղքի, որովհետև կամա-ակամա դասվում եմ «թշնամիների» շարքին… Եվ վախ. վախ, որ հերթական անգամ մեկը կնայի ինձ ու կհարցնի. իսկ դու էնքան շիկահեր ես, դու զտարյուն ադրբեջանցի՞ ես: Շատ հաճախ ստիպված էի ստել, ասել, որ մաքուր ադրբեջանցի եմ, կամ որ մամաս է ռուս…»
Հարևանները
Երբ հայ մորս պատճառով ընտանիքի վրա հարձակումներ սկսվեցին, պաշտպան կանգնողները մեր հարևան ադրբեջանցիներն էին. «Հիշում եմ` հորս հետ մեքենայով գնում էինք մորս երկու քույրերի հետևից: Նրանք միասին էին ապրում, երկուսն էլ ամուսնացած չէին: Էդ ժամանակ արդեն հուզումներն սկսվել էին, մենք նրանց մեզ մոտ էինք բերում, մեքենայի հետևից վազում էին, քարեր շպրտում… Մորս վրա անձամբ հարձակում չի եղել. մեր փողոցում բոլորը հին հարևաններ էին, շատերը` բարեկամներ: Դրա համար էլ երբ գնացել են ԲՇՏ [ЖЭК]` ազգանուններով «թշնամիներին» գտնելու, մեր բախտը հրաշքով բերեց, մեզ դա չկպավ… Մորաքույրերս մի քանի ամիս էլ մեզ մոտ մնացին, հետո գնացին… Թողելով իրերը, տունը, ամեն ինչ…»
Սոֆյայի մոր համար սկզբում շատ դժվար էր: Նա գրեթե դատապարտվել էր տնային կալանքի: «Մերս մոտ երկու տարի տնից ընդհանրապես դուրս չեկավ: Նույնիսկ խանութ չէր գնում… Նախքան հակամարտությունն աշխատում էր գրադարանում: 1988-ից` հակամարտությունը սկսվելուց, աշխատանքը թողեց: Մեզ պահում էր հայրս, նա էլ հումանիտար կրթություն ուներ: Երկու տեղ էր աշխատում»:
Փոխվեց ոչ միայն Սոֆյայի ընտանիքի կյանքը: Փոխվեց նրա հարազատ քաղաքը: Քաղաքում սկսվեց Ղարաբաղից փախստականների հոսքը: Հայերը, հրեաները, երբեմն էլ ռուսները սկսեցին քաղաքից հեռանալ: Իսկ Սոֆյայի ընտանիքը հիմա նոր հարևաններ ուներ… «Նոր եկած հարևանները մեր նկատմամբ էնքան էլ բարեհաճ չէին: Ինչ-որ կենցաղային վեճեր էին լինում: Օրինակ` մեր բակի ծառն աճել էր, և տերևները սկսել էին փակել նրանց պատուհանները: Նրանք գոռում էին, և արդյունքում ամեն ինչ հանգում էր նրան, որ մենք թշնամի ենք: Նրանք կոնկրետ մեզ տանել չէին կարողանում: Ինձ ու քրոջս համար հաճելի չէր բակ դուրս գալ, մյուսների հետ զրուցել: Շարունակ վախենում էինք, որ հանկարծ մեր հասցեին կլսենք էդ սարսափելի «էրմենիդներ» (հայուհի.- խմբ.) բառը»:
Միջադեպ անձնագրային սեղանում
«Հերս մեռավ անձնագրային սեղանում տեղի ունեցած միջադեպից հետո, որտեղ նրան վիրավորել էին մորս պատճառով»: Սոֆյան արցունքն աչքերին, դողացող ձայնով պատմում է իրենց ընտանիքի ողբերգությունը: Այս դեպքը պատահել է, երբ նա 16 տարեկան էր: «Հայրս անասելի զգացմունքային, մտավորական, խոր և շատ խոցելի մարդ էր: Եթե նա մի քիչ ավելի ամուր լիներ… Երևի հիմա ամեն ինչ ուրիշ ձևով կլիներ: Իմ կարծիքով, մշտական վախը, որի մեջ մենք բոլորս ապրում էինք, նա մեզնից ավելի շատ էր զգում: Որովհետև պատասխանատվություն էր զգում իր կանանց համար, բայց ոչինչ չկարողացավ անել: Անսահման սիրում էր Բաքուն: Ասում էր` էստեղից ոչ մի գնով չեմ գնա, մինչև չքշեն… (դադար): Շատ ծանր է էս ամենը նորից հիշելը: Ես 16 տարեկան էի, պիտի անձնագիր ստանայի:
Մենք եկանք անձնագրային սեղան, էնտեղ մի տիպ էր նստած… Բեղերով, փորով, ինքնագոհ, կուշտ, յուղից փայլող դեմքով… Ու աչքերում` այն ժամանակվա ողջ «իմաստությունը»: Նա հորս «դու»-ով էր դիմում: Եվ նրան` հասուն տղամարդուն, շշպռում էր, ոնց որ մեղավոր երեխայի: Զրույցի էությունը շատ պարզ էր: Դա մի հարցի էր հանգում` դու ո՞նց կարող էիր ամուսնանալ հայի հետ:
Հերս կանգնած էր, «մեղավոր» ինչ-որ բան էր պատասխանում: Իմանալով նրա զգացմունքայնությունը, վախը մեզ համար, ես պատկերացնում էի, թե դրանից նրա հոգին ոնց ա տակնուվրա լինում… Դա բավական երկար տևեց: Իսկ ես կանգնած էի կողքին ու մտածում էի, որ ինչ-որ ժամանակ պարզապես կսպանեմ այդ մարդուն… Ես 16 տարեկան էի… Նույնիսկ ազգանունն եմ հիշում…
Որոշ ժամանակ անց հորս ինֆարկտ խփեց: 16 տարեկանում ես կորցրի հորս: Նա չկարողացավ դիմանալ էս ամենին…» 18 տարեկանում Սոֆյան աշխատանքի է տեղավորվում: Մանկությունից սիրում էր նորաձևություն և կարել, և նրան հաջողվեց աշխատանք գտնել: Բայց մոր ազգային պատկանելությունը, միևնույն է, ստվերի պես կախված էր նրա գլխին…
«Էնպես էլ էր լինում, որ մարդիկ հակասական, խառը զգացումներ էին ունենում… գիտեմ, որ մի մարդ էլ կար, որ երկար տարիներ անտարբեր չէր իմ նկատմամբ, և ճակատագրի հեգնանքով, նա Ղարաբաղի փախստականներից էր: Նրա ամբողջ ընտանիքն ատում էր ամեն ինչ, որ հայկական էր: Ախր, նրանց բարեկամը զոհվել էր պատերազմում… Ես հիանալի հասկանում էի, թե ինչքան վատ ու ցավալի է էդ մարդկանց համար: Հասկանում էի, որ ես մեղավոր չեմ իմ ազգության համար, բայց մեղքի զգացումն ինձ հանգիստ չէր տալիս…»
Երեխաներ` զո՞հ
Մասնագետի կարծիք
Հոգեբան Էլմիր Աքբարի կարծիքով` հակամարտող կողմերի միջև խառը ամուսնություններից ծնված երեխաները երբեմն ավելի շատ են տանջվում, քան ծնողները. – Հասարակությունը երբեմն բավական դաժան է նման երեխաների նկատմամբ: Հարևանները, բարեկամները կարող են նրանց սարսափելի բառերով կոչել, վիրավորել նրանց արմատները, արյունը, այն ծնողին, որը նրանց հասարակությունից չէ: Ամենացավալին այն է, որ երբեմն նույնիսկ տատիկ-պապիկներն են նման երեխաներին ասում այնպիսի բառեր, որոնք խոցում են նրանց հոգեկան աշխարհը: Մեկ կամ երկու ծնողների համար մեղքի մշտական զգացումը, շրջապատի մարդկանց ծաղրը, դաժանությունը` այս ամենը խոցում է նրանց, երբեմն նույնիսկ դաժան դարձնում:
«Իմ բերանը միշտ կարող են փակել մի բառով` մերդ հայ ա»
Ահա արդեն 11 տարի է, ինչ Սոֆյան ապրում է Եվրոպայում: Մայրը, չնայած այս ամենին, մնացել է Բաքվում: Սոֆյան ասում է, որ մոր մեղմ բնավորությունը «նրա ազգությունից ուժեղ է եղել»:
«Բարեկամներն ու ծանոթները մամային իրոք շատ են սիրում, նրան ընդհանրապես անհնար է չսիրել: Բայց դրա հետ էլ նրանցից մեկը կարող է լրիվ հանգիստ «հայրենասիրական» ճառեր արտասանել, գրել, ենթադրենք, թե էն մարդը, որի երակներով հայի արյուն է հոսում, միևնույն է` թշնամի է…» Սոֆյան ժամանակի ընթացքում համակերպվել է սրա հետ. «Հա, համակերպվել եմ: Եթե երեխա ժամանակ ուզում էի սպանել, պատժել մեր, իմ նկատմամբ վերաբերմունքի համար, ապա հիմա մենակ հասկացել եմ, որ դրանք բացարձակ, մեծ մասն են կազմում: Ես չեմ կարող ատել բոլորին, ովքեր էդպես են մտածում, ինձ համար ավելի հեշտ է փակվել ինքս իմ մեջ և նրանց հոգուս մոտ չթողել: Երբ ես սկսում եմ որպես Մարդ խոսել, կոչ անելով հակամարտության մեջ մեղք չունեցող մարդկանց նորմալ վերաբերվել, միանգամից սկսում են քո մեջ հայկական արմատներ գտնել, ու ես ոչ մի կերպ չեմ կարողանում էդ մարդկանց ապացուցել, որ էդպես մտածելը քո մեջ հոսող արյան պատճառով չէ… Բայց իմ բերանը կարող են փակել մի բառով` քո մերը հայ ա»:
«Եթե իմ մեջ էս խառնուրդը չլիներ, ես կյանքում ավելի համարձակ, անկեղծ կլինեի…»
2005-ին Սոֆյան հեռանում է Բաքվից: Սկսում է իր ճակատագիրը, իր հաջողությունները փնտրել այն վայրերում, որտեղ ստիպված չէր լինի ամեն անգամ դողալ «էրմենի» բառից. «Ես կյանքում ավելի համարձակ, անկեղծ կլինեի, եթե իմ երակներով երկու արյուն չհոսեր: Որովհետև նույն ձևով կմտածեի, բայց իմ բերանը չէին կարողանա փակել էն փաստով, որ մամաս հայ է: Իմ ցանկացած տրամաբանական փաստարկ փշրվում է էդ արտահայտության առաջ… Դրա համար էլ ես հեռացա էնտեղից»:
Աննայի ամուսինն ասել է. «Իմ բարեկամների կեսը աբխազ են, ես նրանց վրա ո՞նց կրակեմ»
Վրաստան
Աննան աբխազ է: Թեև 55 տարեկան է, ամենաշատը 40-ի տեսք ունի: Երևի պատճառն այն է, որ շատ ակտիվ կին է, հասարակական գործիչ: Այս սլացիկ, կենսուրախ կինը ծնվել և մեծացել է Սուխումում: Այն, որ ամուսինն ազգությամբ աբխազ չէր, այլ վրացի, Աննայի ու նրա ազգականների համար որևէ նշանակություն չուներ: Չէ՞ որ դա պատերազմից շատ առաջ էր…
Նրանք երեխաներ ունեցան` որդի և դուստր… Աննան պատմում է, որ ամուսնու բոլոր հարազատներն ու ազգականները մաքուր վրացի կամ աբխազ չէին: Մեկը մոր կողմից էր վրացի, մյուսը` հոր կողմից աբխազ: Բոլորն ասես խառնվել էին հսկայական վրացա-աբխազական ընտանիքում: Բայց պատերազմն սկսվեց: Եվ յուրաքանչյուրը ստիպված էր ընտրելու իր կոնկրետ ազգությունը և կանգնել ինչ-որ մեկի կողմում:
«Ամուսնուս մորական կողմի ազգականները աբխազներ էին, որոնք գնացին «յուրայինների» մոտ կռվելու: Իմ կողմից էլ կային կռվող բարեկամներ: Կային նաև վրացի բարեկամներ, ովքեր վրացիների կողմից էին կռվում: Էս բոլորը շատ ազդեց ազգականների միջև հարաբերությունների վրա: Կորավ էն վստահությունը, որ նրանց միջև կար նախքան պատերազմը: Չէ՞ որ ամեն մեկը պատերազմը տարբեր կերպ տարավ: Ամեն մարդ ուներ իր փորձը, որն ազդեց հարաբերությունների վրա»:
Աբխազ հանրությունը բավական փոքր է: Բոլոր գիտեին, որ Աննայի ամուսինը վրացի է: Ինչքան էլ որ Աննան փորձեր բացատրել, որ նա ոչ մի մեղք չունի, ընտանիքի համար դժվար էր այնտեղ մնալ: Մշտական ճնշում, խեթ հայացքներ, ազգականների հետ վեճեր… Պատերազմից հետո ընտանիքը տեղափոխվում է Թբիլիսի: Ե՛վ աբխազ Աննայի, և՛ վրացի Օթարի, և կիսով չափ վրացի-կիսով չափ աբխազ երեխաների համար հավասարապես դժվար էր.
«Մենք էստեղ ոչ ոք չունեինք: Մեզ համար սա օտար քաղաք էր: Ես երբեք չէի թաքցնում, որ աբխազ եմ: Ու կարող էի հակահարված տալ: Բարեբախտաբար, վրաց հասարակությունը բավական հանդուրժող է այստեղ ապրելու եկած աբխազների նկատմամբ: Որովհետև նրանք մեզ համարում են «իրենց» աբխազներ, քանի որ մենք ընտրություն ենք կատարել և էստեղ ենք ապրում: Վրաստանում ապրելու ամբողջ տարիների ընթացքում երկու անգամ են բախվել իմ նկատմամբ բացահայտ բացասական վերաբերմունքի: Առաջին անգամ, երբ էրեխեքին պոլիկլինիկա տարա: Սկսեցի ռուսերեն խոսել, երբ մատենավարական բաժնի բուժքույրն իմացավ, որ աբխազ եմ, սկսեց գոռալ վրաս: Բայց ինձ պաշտպան կանգնեց հերթում կանգնած կինը: Ասեց, որ «հենց ձեր նման ազգայնամոլների պատճառով էլ սկսվեց պատերազմը Աբխազիայում»: Երկրորդ դեպքն էն ժամանակ էր, երբ դրամական օգնության համար հերթ էի կանգնել, էն ժամանակ մեզ` փախստականներիս, ամեն ինչ տալիս էին: Երբ պարզվեց, որ ես աբխազ եմ, ոմանք սկսեցին բարկանալ, որ մենք էնտեղ հարազատներ ենք կորցրել, իսկ սա դեռ օգնության համար է եկել: Դու ո՞նց ես համարձակվում էստեղ լինել: Բայց էդ ժամանակ էլ գտնվեցին հասկացող մարդիկ, որոնք ինձ պաշտպան կանգնեցին»:
Աննան ասում է, որ երեխաներին իրենք դաստիարակել են ընդհանուր մշակույթով, բայց նրանք ավելի շատ վրացի են. «Ամուսինս նրանց հետ վրացերեն է խոսում, ես` ռուսերեն: Նրանք երբեք չեն թաքցրել, որ կիսով չափ աբխազ են: Նրանք շատ կուզեին Աբխազիայում լինել: Ոչ թե ապրելու, այլ հյուր գնալու: Մենք ինտերնետով, հեռախոսով շփվում ենք բարեկամների հետ»: Չնայած ամուր սիրուն, կապվածությանը` Աննայի ընտանիքում գժտություններ նույնպես եղել են.
«Մի քանի տարի մենք հաշտ ու համերաշխ ապրում էինք: Հետո Սովետը սկսեց քանդվել: Ամուսինս միշտ քննադատաբար էր վերաբերվում Սովետական Միությանը և ուրախ էր, էդ ժամանակ պաշտպանում էր Զվիադ Գամսախուրդիայի շարժմանը: Նա դրա մեջ Վրաստանի համար նոր հնարավորություններ էր տեսնում»,- պատմում է Աննան:
Կինը զարմանքով է հիշում, որ չէր մտածում, թե քաղաքականությունն այդպես ուժով կներխուժի իրենց ընտանիք: Չէ՞ որ ինքը քաղաքականությամբ չէր հետաքրքրվում: «Պատերազմը մեր դուռը թակեց հանրաքվեի տեսքով, որի ժամանակ պետք էր քվեարկել` «արդյոք դուք կո՞ղմ եք ԽՍՀՄ-ը պահպանելուն, թե՞ դեմ»: Ես կողմ քվեարկեցի ԽՍՀՄ-ի պահպանմանը: Որովհետև իշխանությունները, որոնք պետք է նրանց փոխարինելու գային, ազգայնամոլներ էին: «Վրաստանը վրացիների համար»` էս էր զվիադականների հիմնական լոզունգը: Ես վախենում էի ինձ, էրեխեքիս համար, որոնք մաքուր վրացի չէին: Իմ քվեարկությունը ամուսնուս համար հարված էր: Առաջին անգամ մեր ընտանիքում տարաձայնություններ սկսվեցին: Տեղի ունեցավ արժեքների պառակտում: Ես համարում էի, որ զվիադական շարժումը ֆաշիզմ է, իսկ նա դա չէր նկատում: Էդ ժամանակ առաջին անգամ հասկացա, որ իմ հարազատ, մոտ մարդը կարող է մտածել ոչ ինձ պես: Նրա համար էլ դա տարօրինակ էր»,- շարունակում է նա:
Չնայած հասարակության մեջ, ընտանիքում տեղի ունեցած պառակտմանը` նրանց հաջողվում է ընտանիքը պահպանել: Աննայի ամուսինը չի մասնակցել ռազմական գործողություններին: Ասել է. «Դուք ինձ կարող եք նստացնել, գյուլլել, բայց իմ բարեկամների կեսը աբխազ են, ես ո՞նց կարամ նրանց վրա կրակել»:
«Մենք մեզ համար որոշեցինք, որ առաջին տեղում ընտանիքն է` մեր ընտանիքը, մեր էրեխեքը: Մենք ինչ հայացքներ էլ ունենանք, երբ ծանր վիճակ է, մեկը մյուսին օգնության ենք հասնում միայն մենք: Այլ ոչ թե մեր քաղաքական գործիչները: Մենք դրան հասանք թեժ, բուռն վեճերից հետո: Մենք անցանք հակամարտության միջով: Եվ կարողացանք այն խաղաղ եղանակով լուծել: Դա լուծվեց Թբիլիսիում ամբողջ պատերազմի և դրան հաջորդած ապրելու ծանր տարիների ընթացքում, որոնք մեզ սպասում էին առջևում»:
Իսկ այն հարցին, թե «ծանո՞թ եք վրացիների հետ ամուսնացած ուրիշ աբխազ կանանց», Աննան այսպես պատասխանեց. «Հա, գիտեմ նման կանանց: Նրանք էստեղ էնքան էլ շատ չեն: Նրանք էլ ինձ պես եկել են ամուսինների հետ: Եղել են նաև ամուսնալուծություններ: Այն ընտանիքները, որտեղ ներընտանեկան հարաբերություններն ամուր են եղել, պատերազմի փորձությանը դիմացել են: Իսկ նրանք, որոնց ընտանիքներում ներընտանեկան հարաբերությունները հարթ չեն եղել, պատերազմը միայն խորացրել է էդ անդունդը: Կան կանայք, որոնց ամուսինները կռվել են: Նրանց համար շատ ծանր է, դա էդ ընտանիքում մեծ ցավ է: Եվ Աբխազիայի հետ նրանց ազգակցական կապերը լրիվ խզված են: Էդ կանանց Աբխազիայում համարում էին դավաճաններ: Բայց Աբխազիայում նույնիսկ պատերազմից հետո վրացիների և աբխազների միջև ամուսնությունները շարունակվում են: Հաճախ աբխազներն ամուսնանում են վրացի աղջիկների հետ»:
Բայց չնայած բոլոր ապրած ծանր տարիներին, ձախորդություններին` Աննան մնացել է իր կարծիքին, որ երբեք չպետք է ուշադրություն դարձնել, թե ինչ ազգության է քո սիրած մարդը, ում հետ ուզում ես ամուսնանալ: Աննայի 28-ամյա դուստրն աշխատում է գովազդային գործակալությունում: Իսկ որդին, որ 29 տարեկան է, շինարար է: Նրանք դեռ ամուսնացած չեն, սակայն Աննան խնդիր չի տեսնում, եթե իր զավակները կյանքի ուղեկից ընտրեն ուրիշ ազգից. «Նայի իր ընտրած կյանքի ուղեկցի ոչ թե ազգությանը, այլ մարդկային գծերին: Գլխավորն էն կենսական դիրքորոշումներն են, արժեքները, որոնք ձեզ հոգեհարազատ են: Նույնիսկ պատերազմից հետո ես մոնոէթնիկ ամուսնությունների հակառակորդն եմ»:
«…նման մարդկանց ոչ վրաց և ոչ էլ աբխազ հասարակությունը մինչև վերջ իրենցը չի համարում և նրանց ավելի քիչ է վստահում»
Մասնագետի կարծիք
Սոցիոլոգ Էլենե Նաթենաձեն, որն արդեն տասը տարի է, աշխատում է տարբեր խաղաղապահական նախագծերում, պատմում է, որ Աբխազիայում վրաց-աբխազական ընտանիքները կազմում են բոլոր խառը ընտանիքների 40 տոկոսը, ինչն իհարկե բարձր ցուցանիշ է: Նրա կարծիքով` հաճախ են խոսում վստահության վերականգնման գործում խառը ընտանիքների դրական դերի մասին, թեև հարկ է նշել, որ դա միանշանակ չէ:
«Խառը ընտանիքների անդամները հաճախ լարվածությունից խուսափելու նպատակով փորձում են վիճահարույց հարցերը շրջանցել: Իսկ այն աբխազները, ովքեր խառը ընտանիքների անդամ չեն և այժմ ապրում են, դիցուք, Սուխումում, շատ հաճախ թերահավատորեն են տրամադրված խառը ընտանիքների անդամ հանդիսացող աբխազների նկատմամբ և դարձել են Թբիլիսիում ապրող ներքին տեղահանված անձինք: Աբխազների շրջանում վստահություն են ներշնչում կոնկրետ մարդիկ, այլ ոչ թե «խառը ընտանիքների անդամ» կարգավիճակը: Իսկ այն աբխազների շրջանում, ովքեր իրենք խառը ընտանիքների անդամ չեն, խառը ընտանիքի անդամ լինելը մեծ մասամբ անվստահություն է առաջացնում, քան վստահություն: Փաստորեն, նման մարդկանց ոչ վրաց և ոչ էլ աբխազ հասարակությունը մինչև վերջ իրենցը չի համարում և նրանց քիչ է վստահում»,- պատմում է Նաթենաձեն:
Նրա խոսքով` խառը ընտանիքների անդամները հաճախ ստիպված են ապացուցել իրեն հասարակությանը, որ իրենք այսպես կոչված յուրային են, ինչը նշանակում է, որ նրանք համակարծիք են իրենց հասարակություններում գոյություն ունեցող դիսկուրսներին և նարատիվներին և համաձայն չեն հակառակ կողմի հետ:
«Ի հետևանք` խառը ընտանիքների անդամները զբաղեցնում են արմատական դիրքորոշումներ թե´ վրաց և թե´ աբխազ հասարակություններում, որի պատճառը հասարակության կողմից մարգինալացված չլինելու նրանց ցանկությունն է: Իհարկե, արմատական դիրքորոշմանը հավատարմությունը խիստ բարդացնում է հաշտեցման և մոտեցման գործընթացը»,- եզրափակում է սոցիոլոգը:
«Նրանք երախտագիտություն են զգում այն բանի համար, որ դարձել են երկու մշակույթի կրող…»
Մասնագետի կարծիք
Տարածաշրջանային անվտանգության կովկասյան ինստիտուտի (Թբիլիսի) տնօրեն Ալեքսանդր Ռուսեցկին կարծում է, որ հակամարտությունն ազդել է խառն ամուսնությունների դինամիկայի վրա: Զինված դիմակայության հետևանքով նման ամուսնությունների թիվը նվազել է:
«Նման ընտանիքների ներկայացուցիչներին կարելի է բաժանել երեք խմբի: Առաջինը նրանք են, ովքեր անտարբեր են հակամարտությունների նկատմամբ, և այդ հակամարտությունները առանձնապես չեն ազդում նրանց վրա: Ընտանիքների երկրորդ խումբը նրանք են, որոնք խաղաղապահ գործընթացին սպառնալիք են ներկայացնում: Երբեմն նման ընտանիքների անդամները էթնիկ անլիարժեքություն են զգում և իրենց նախահարձակ, ապակառուցողական պահում: Ճիշտ հայտնի արտահայտության նման` «Հռոմի պապից առավել կաթոլիկ լինել»: Եվ երրորդ խումբը այն մարդիկ են, ովքեր հասկանում և երախտագիտության զգացումով են վերաբերվում այն փաստին, որ իրենք երկու մշակույթի կրող են: Եվ նման մարդիկ փորձում են իրենց ծագումն օգտագործել ի բարօրություն հասարակության և այն ազգային խմբերի, որոնց իրենք ներկայացնում են: Մենք հետազոտություն ենք անցկացնում հասկանալու համար խաղաղապահ շարժման ներուժը և ինչպես օգտագործել այս ռեսուրսը, որպեսզի դառնան հակամարտության կարգավորման մաս»,- պատմում է Ռուսեցկին:
Ես ոչ մի բան չեմ փոխել` ո´չ ադրբեջանական ազգանունս, ո´չ էլ Հայաստան կոչվող երկիրը…
Հայաստան
Ֆելիքսը Հայաստանի ծանրամարտի վաստակավոր մարզիչ է: Այս կապույտաչյա, բարձրահասակ տղամարդը 77 տարեկան է: Ֆելիքսն ապրում է Հայաստանի մայրաքաղաք Երևանից 20 կմ հեռավորության վրա գտնվող Էջմիածին քաղաքում: Համեստ այգում աչք են շոյում կնոջ` Ջուլիետայի մշակած երփներանգ ծաղիկները: Թթի ծառի տակ ծանրաձողն է, որով ամեն առավոտ ժամը 6-ին Ֆելիքսը սկսում է իր մարզանքը մաքուր օդին: Նա վստահ է, որ հետագայում երկրին կտա նոր աշխարհի չեմպիոններ, և աշխարհը դեռ կլսի Հայաստանի մասին: Նրա սեղանին դրված են ամսագրեր, ալբոմներ, թերթեր, բազմաթիվ մեդալներ և պատվոգրեր: Մշտապես նրա ձեռքի տակ է նաև Զիգմունդ Ֆրեյդի գիրքը: Տան մի անկյունում խնամքով պահում է ծնողների լուսանկարները: Մոր` Եպրաքսյա Դանիելյանի և հոր… Ասկյար Ալիևի: Այո, Ֆելիքս Ալիևը ազգությամբ ադրբեջանցի է:
Վերջին 46 տարիների ընթացքում Ֆելիքս Ալիևն աշխատել է Էջմիածնից 5 կմ հեռու գտնվող Գեղակերտ գյուղի ծանրամարտի մարզադպրոցում: Նա 50 սան ունի: Մի քանի սերունդներ են անցել նրա ձեռքի տակով: Նա պատրաստել է 34 սպորտի վարպետ, 8 միջազգային կարգի սպորտի վարպետ, սպորտի վարպետի թեկնածուներ: Երբ Ֆելիքս Ալիևը սկսում է իր պատմությունը, նրա կապույտ աչքերը լցվում են արցունքներով և ավելի երկնագույն դառնում.
«Իմ հորական կողմը Հայաստան է գաղթել Իրանի Խոյ գավառից: Հայրս հայտնի կլառնետահար էր, նրան Էջմիածնում լավ գիտեին ու հարգում էին, հրավիրում էին հարսանիքներին, ծնունդներին և թաղումներին նվագելու»,- հիշում է Ֆելիքս Ալիևը: Մինչ հիմա նա սրբորեն պահում է հոր երաժշտական գործիքը:
Ֆելիքս Ալիևի կինը` 68-ամյա Ջուլիետա Ենոքյանը, ազգությամբ հայ է: Նրա դիմագծերը նուրբ են, հայացքում խաղաղություն է, իսկ աչքերը միշտ ժպտում են: Սուրճ հյուրասիրելով` պատմում է, թե ինչպես են հաղթահարել դժվարությունները, երբ սկսվել է հայ-ադրբեջանական հակամարտությունը: Պատմում է, թե ինչպես են կարողացել պահպանել ընտանիքը:
«Մենք ապրում էինք հաշտ ու համերաշխ, սիրով: Դաստիարակում էինք երեք երեխա: Երկու աղջիկ և մի տղա: Ազգամիջյան բախումների ժամանակ սկեսրայրս շատ ընկճված էր: Իսկ հարևաններն ու ընկերները ասում էին. «Ասկյար ջան («ջան» բառը հայերի և ադրբեջանցիների մոտ նշանակում է մարդու նկատմամբ հարազատություն և հարգանք), դու լավ մարդ ես, մի´ մտածի, մենք չենք թողնի, որ ձեզ նեղացնեն: Ձեր գլխից ոչ մի մազ չի պակասի: Եվ ճիշտ որ, մեր ընտանիքին ոչ ոք չնեղացրեց»,- ասում է Ալիևի կինը:
Ֆելիքս Ալիևն ազգանունը չի փոխել, չի լքել իր ընտանիքը, ուրիշ երկիր չի տեղափոխվել: Ալիև ազգանունն են կրում նաև որդին ու թոռները: «Ես ինձ չէի հարգի, եթե ազգանունս փոխեի: Ես իմ հոր ազգանվան կրողն եմ: Բայց ես Հայաստանից էլ չէի հեռանա: Էս իմ երկիրն է: Միայն սրիկաները կարող են լքել ընտանիքը»:
Հայ-ադրբեջանական հակամարտության ամենածանր օրերին անգամ նրա մտքով իսկ չի անցել երկրից հեռանալ, դրանք նրա կյանքի ամենավատ օրերն էին: Զգուշանալով ազգայնամոլների հարձակումներից` Ֆելիքսի սաները սպասում էին պարապմունքների ավարտին` իրենց մարզչին տուն ուղեկցելու համար…
«Կարո՞ղ եք պատկերացնել Սումգայիթի, Բաքվի օրերը, և ինչ-որ մի Ֆելիքս Ալիև շարունակում է ապրել Հայաստանում: Եթե իմ սաներն ինձնից երես թեքեին, ես կհեռանայի: Բայց նրանք ինձ պաշտպանում էին, թեկուզ դրա կարիքը չկար: Ես հարգված մարդ եմ, չեմ կարծում, թե մեկի մտքով կանցներ հարձակվել վրաս»,- հպարտությամբ ասում է Ալիևը:
Ֆելիքսն Ադրբեջանում ազգականներ ունի: Սակայն նրանց հետ որևէ ընդհանուր բան չունի: Երբ մի անգամ հոր ընկերն իմացել է, որ Ֆելիքսը շարունակում է Էջմիածնում ապրել, ապշած է մնացել: Երկու աղջիկներն ամուսնացել են և ապրում են Էջմիածնում: Որդին` ծանրամարտի սպորտի վարպետ Վլադիկ Ալիևը, ապրում է Ուկրաինայում: Նրանք հինգ թոռ ունեն: Վլադիկի որդին` կրտսեր Ֆելիքս Ալիևը, 2015-ին դարձել է Ուկրաինայի ծանրամարտի պատանիների չեմպիոն:
Կինը` Ջուլիետան, հպարտությամբ ասում է. «Հայ-ադրբեջանական հակամարտությունը ամեն ինչ փոխեց, բայց ոչ մեր ընտանիքը: Եթե ես հայի հետ ամուսնացած լինեի, էսքան երջանիկ չէի լինի, ինչքան Ֆելիքսի հետ: Նա հոյակապ մարդ է: Ես նրա հետ շատ երջանիկ եմ»: Ամուսինների կարծիքով` հայ-ադրբեջանական հակամարտությունը չի լուծվի այնքան ժամանակ, մինչև երկու երկրներում իշխանությունները չփոխվեն. «Երբ Ալիևն ու Սարգսյանը հեռանան, կարող ա էդ ժամանակ ինչ-որ բան լուծվի: Բայց էս իշխանությունների օրոք` երբեք»:
Ֆելիքսի համար ամենացավոտ թեման ղարաբաղյան հակամարտությունն է և սահմանին ծառայող երիտասարդ զինվորները: Ֆելիքս Ալիևը հուզվում է, երբ խոսում է ղարաբաղյան հակամարտության գոտում վերջին իրադարձությունների մասին: Շուտով զինվորական ծառայության կմեկնեն նրա մարզադպրոցից մի քանի սաներ և երկու թոռը: «Հենց հիմա իմ սաներից հինգը սահմանին ծառայում են, մեկը մի քանի օրից կվերադառնա: Շուտով մոտենում է ամառային զորակոչի շրջանը: Չեք կարա պատկերացնել իմ ապրումները, զգացումները, չեմ կարա բառերով ասել: Քառօրյա պատերազմի օրերին տղաներիցս մեկն ասում էր. «Որոշել եմ կամավոր ռազմաճակատ գնալ»: Ասում եմ. «Որդիս, ես ո՞նց կարամ քեզ արգելել: Մենակ թե երեխաների, կանանց ու ծերերի չսպանես… Ես ամեն ինչ կտայի, որ խաղաղություն լիներ»,- ասում է Ֆելիքս Ալիևը:
Ֆելիքս Ալիևի սանը` 55-ամյա Յուրի Սարգսյանը հայտնի է ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում: Նա ծանրամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն է (1982, 1983), օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր:
Յուրի Սարգսյանն այսպես է հիշում իր համատեղ աշխատանքը մարզչի հետ. «1982 թվականն էր, ես պայքարում էի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար: Էն պահին, երբ դեռ երկու մոտեցում ունեմ, հանկարծ մարզիչս` ընկեր Ֆելիքսը, մոտեցավ` մի տոպրակ հողով. «Շուտ հանի բոթասներդ ու կանգնի վրեն, Հայաստանից եմ բերել, ձեր այգու հողն է»: Ինչ արագությամբ եմ նրա ասածն արել ու նորից ծանրաձողին մոտեցել` չեք պատկերացնի: Թե ոնց էդ ծանրաձողը բարձրացրի… համաշխարհային ռեկորդ սահմանեցի, համ էլ աշխարհի չեմպիոն դարձա»:
Պաշտոնական տվյալներ. Ըստ Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության` 2005-ին Հայաստանում հաշվառվել է 29 ադրբեջանցի: Ազգագրագետ Արսեն Հակոբյանը նշում է, որ նրանց թիվը, ամենայն հավանականությամբ, ավելի մեծ է, սակայն եթե մարդը չի ուզում իր ազգությունը նշել, դա նրա որոշումն ու իրավունքն է: Հայաստանում բնակվող ադրբեջանցիներն այլևս չեն նշվում որպես ազգային փոքրամասնություն: Ըստ ՄԱԿ-ի հանձնարարականի` 1000 մարդուց պակաս թվաքանակով ազգային փոքրամասնությունները մարդահամարի մեջ չեն ընդգրկվում:
Ազգագրագետի կարծիքով` ազգամիջյան հակամարտությունները խառը ընտանիքների համար հաճախ իսկական ողբերգություն են, թեև բացառություններ էլ են լինում. «Խառը ամուսնությունները չեն կարող հիմնախնդրի մեղմացման գործոն լինել, քանի որ ազգամիջյան հակամարտությունների մեջ դրանք դեր չունեն: Ճիշտ նույն կերպ եթե նայելու լինեք վրաց-օսեթական հակամարտությանը, ապա կային շատ խառը ամուսնություններ, սակայն դա չխանգարեց հակամարտությանը: Ընտանիքներն ապրում են հակամարտության ողբերգությունը` իրենց մաշկի վրա այն զգալով»,- ասում է Արսեն Հակոբյանը:
Եզրակացություն. ինչպես տեսնում ենք այս պատմություններից, ամեն ինչ կարող է տարբեր լինել: Ինչ-որ մեկը երջանիկ է «անցանկալի» ժողովրդի ներկայացուցչի հետ ամուսնության մեջ, ինչ-որ մեկը շատ ծանր է տարել այդ ամուսնության հետևանքները, իսկ մեկ ուրիշը խնդիր չի տեսնում, որ իր փորձը շարունակեն իրենց զավակները: Իրավիճակները, ռեակցիաները, ճակատագրերը շատ տարբեր են:
Հոդվածը պատրաստվել է «Հարավային Կովկասի տաբուացված թեմաները» նախագծի շրջանակներում։ Նախագիծն իրականացվում է Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոնի աջակցությամբ։