Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ավտոմեքենաների ապօրինի կայանումների տուգանքների հավաքագրումն իրականացնող «Սիթի պարկ»-ի 120 աշխատակից աշխատանք կստանա Թբիլիսիի տրանսպորտային ընկերությունում: Այս մասին քաղաքի կառավարման նիստում տեղեկացրել է քաղաքապետ Կախա Կալաձեն:
«Կուզենայի անդրադառնալ նաև «Սիթի Պարկ»-ի աշխատակիցների ճակատագրին: Ինձ համար, որպես Թբիլիսիի քաղաքապետ, յուրաքանչյուր մարդու ճակատագիրը շատ կարեւոր է»,-հայտարարել է Կախա Կալաձեն՝ Թբիլիսիի տրանսպորտային ընկերության ղեկավար Մամուկա Կոբախիձեին խնդրելով, որ «Սիթի պարկ»-ի 120 աշխատակիցները նոր աշխատատեղ ունենան։
«Թբիլիսիի տրանսպորտային ընկերության ղեկավար Մամուկա Կոբախիձեին անմիջապես հանձնարարում եմ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները, որպեսզի ամեն բան պատրաստ լինի և ապրիլի 10-ից որեւէ խնդիր չլինի»,-ասել է Կալաձեն։
Հիշեցնենք՝ Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն օրեր առաջ հայտարարեց, որ քաղաքապետարանը ապրիլի 10-ից կդադարեցնի «Սիթի պարկ» ընկերության հետ կնքած պայմանագիրը: