Թբիլիսիում մինչ օրս ապօրինի կայանումների տուգանքների հավաքագրումն իրականացնող «Սիթի պարկ» ընկերության 102 աշխատակից տեղափոխվել է քաղաքապետարանի տրանսպորտային ծառայություն։
Այս մասին հայտարարել է Թբիլիսիի տրանսպորտային ծառայության ղեկավար Մամուկա Կոբախիձեն՝ ընդգծելով, որ նրանց հետ պայմանագրերը կստորագրվեն ապրիլի 10-ին։
Հիշեցնենք՝ ապրիլի 10-ից քաղաքապետարանի և «Սիթի պարկ»-ի միջև կնքված պայմանգիրը չեղարկվում է։
Կոբախիձեի խոսքով, կայանումների հարցով քաղաքապետարանի բաժնում ներգրաված աշխատակիցների թիվը կհասնի 140-ի: «Սիթի Պարկ»-ի 145 աշխատակցից 102-ը ցանկություն է հայտնել տեղափոխվել քաղաքապետարան:
«Նրանց համար վերապատրաստման դասընթացներ են կազմակերպվում, ինչի արդյունքում համապատասխան պայմանագրեր կկնքվեն: 102 աշխատակցից 72-ը հսկիչ է, 10-ը` վարորդ, 10-ը՝ օգնական, մյուսները՝ գրասենյակային աշխատակիցներ»,-հայտարարել է Կոբախիձեն:
Վերջինս նաև հավելել է, որ Թբիլիսիի տրանսպորտային ծառայության բյուջեն կազմելու է 4 միլիոն լարի: «Քանի որ սկզբում բյուջեում գրված չէր, որ մենք նման գործառույթներ ենք իրականացնելու, այդ պատճառով բյուջեն այժմ ավելացել է՝ հասնելով 4 միլիոն լարիի»,-ընդգծել է քաղաքապետարանի ներկայացուցիչը: