«Ամբողջ հայ ժողովրդի անունից շնորհակալություն եմ հայտնում այն ամենի համար, ինչ արել եք երկու ազգերի բարեկամության համար»,- այս խոսքերով է դիմել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկատվությունը տարածել է Վրաստանի հանրային հեռուստաընկերությունը։
«Շատ ուրախ եմ Ձեզ հանդիպելու համար։ Սրտանց շնորհավորում եմ Ձեր գահակալության 40-ամյակի կապակցությամբ և ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնում 40 տարիների ընթաքում արված մեծագույն աշխատանքի համար։ Հիշում եմ Ձեր խոսքերը, որ մենք պարզապես հարևաններ չենք, մենք եղբայրներ ենք, մեզ կապում է հազարավոր տարիների բարեկամությունը և փառք Աստծուն, որ այս տարիների ընթացքում մեր հարաբերությունների վրա ոչինչ չի ազդել»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը։
Իլիա Երկրորդը շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին այցի համար և լավագույն մաղթանքներն է փոխանցել Համայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին։
«Ուրախ ենք Ձեզ տեսնեու համար։ Մենք դժվար ժամանակներում ենք ապրում և անհրաժեշտ է օգնել միմյանց։ Կարծում եմ՝ ամեն ինչ լավ կլինի։ Մենք կհաղթահարենք բոլոր խնդիրները։ Երեկ նշել ենք պատրիարք լինելու 40-ամյակը։ Սա մեզ հիշեցնում է Մովսեսի և հրեաների 40-ամյա ճանապարհորդությունն անապատում։ Ցանկանում եմ ողջունել ամբողջ պատվիրակությանը և շնորհակալություն հայտնել այցելության համար»,- հայտարարել է Իլիա Երկրորդը։
Սերժ Սարգսյանը Վրաստանի պատրիարքարան է այցելել կնոջ՝ Ռիտա Սարգսյանի և պատվիրակության անդամների հետ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև այլ հոգևորականներ։
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երկօրյա պաշտոնական այցով Վրաստան է ժամանել դեկտեմբերի 25-ին։