Հունվարի 8-ին Թբիլիսիի Կովկասյան տանը տեղի է ունեցել Սերգեյ Փարաջանովին նվիրված ստեղծագործական մրցույթի հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը, որը կազմակերպել էր Վրաստանում ՀՀ դեսպանությունը և «Վիրահայերի միություն» հասարակական կազմակերպությունը։
Միջոցառմանը մասնակցել են Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը, Վրաստանի՝ Հաշտեցման և քաղաքացիական հավասարության նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիան, հոգևոր դասի ներկայացուցիչներ, մտավորականներ, վիրահայ համայնքի մի շարք ներկայացուցիչներ։
Ժյուրիի որոշմամբ ստեղծագործական մրցույթի «Ոսկե դափնեկրի» կոչմանն է արժանացել Տինատին Բուկիան, առաջին տեղը զբաղեցրել է Յուլյա Չալունելին, երկրորդը՝ Գոհար Հակոբյան, իսկ երրորդը՝ Լևան Ցալուգելաշվիլին։
«Ոսկե դափնեկրի» կոչմանն արժանացած Տինատին Բուկիային դեսպան Սադոյանը պարգևատրել է պատվոգրով և հանձնել Հայաստան այցելության եռօրյա ուղեգիր, որտեղ նա հնարավորություն կունենա այցելել տեսարժան վայրեր և ծանոթանալ Հայաստանի պատմամշակութային հարուստ ժառանգությանը։
Պատվոգրեր հանձնվել են նաև մրցանակային այլ տեղեր զբաղեցրած մասնակիցներին:
Սերգեյ Փարաջանովին նվիրված ստեղծագործական մրցույթը տեղի է ունեցել 2017 թ․ հոկտեմբերի 15-ից դեկտեմբերի 28-ը, որի ընթացքում երեք տասնյակից ավելի հայ և վրացի նկարիչներ հանդես են եկել իրենց հեղինակային ստեղծագործություններով։
Հաղթողին տրամադրված ուղեգրի բոլոր ծախսերը հոգում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը:
Հիշեցնենք՝ հունվարի 9-ը 20-րդ դարի մեծատաղանդ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է։